
Լոռու տուրիզմի կառավարման կազմակերպությունը (Լոռի ԴՄՕ) հայտնել է իր մտահոգությունը Եղեգնուտ, Դեբետ և Վահագնի բնակավայրերում նախատեսված հանրային լսումների կապակցությամբ:
«Ի պատասխան Փամբակի համայնքապետարանի կողմից հրապարակված ծանուցման՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի վարչական սահմաններում գտնվող Հանքաձորի հանքային դաշտում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ, և 2026թ. օգոստոսի 11-ին Եղեգնուտ, Դեբետ և Վահագնի բնակավայրերում նախատեսված հանրային լսումների կապակցությամբ, Լոռու տուրիզմի կառավարման կազմակերպությունը (Լոռի ԴՄՕ) հայտնում է իր մտահոգությունը։
Վահագնի, Դեբետ և Եղեգնուտ բնակավայրերը գտնվում են Փամբակի լեռնաշղթայի և Դեբեդ գետավազանի բնական միջավայրում։ Այս տարածքում ձևավորված են մարզի կենսաբազմազանության համար կարևոր անտառային, գետային և լեռնային էկոհամակարգեր. հենվում է Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը՝ Թեժ լեռը (3101 մ), իսկ հարևանությամբ գործում է «Մարգահովիտի» պետական արգելավայրը (հիմնադրված 1971թ., 2814 հա, 1900-2200 մ բարձրության վրա), որի նպատակն է անտառային կենդանական աշխարհի պահպանությունը։ Այս գյուղերը Լոռու մարզի զբոսաշրջության ուսումնասիրություններում դասվում են Գուգարքի ենթատարածաշրջանի կազմում՝ Մարգահովիտի, Փամբակի և Վահագնաձորի հետ միասին։
Այս բնական միջավայրի պահպանության կարևորությունը ուղղակիորեն արտացոլված է ՀՀ Լոռու մարզպետարանի 2023թ. դեկտեմբերի 21-ի թիվ 840-Ա որոշմամբ հաստատված «Լոռու մարզի կայուն զբոսաշրջության զարգացման ճանապարհային քարտեզ 2027» ռազմավարական փաստաթղթում։ Փաստաթուղթը մարզի ուժեղ կողմերի շարքում նշում է «հարուստ և բազմազան բնությունը, ներառյալ անտառներ, ջրվեժներ, բնության տեսարաններ, 3 պահպանվող տարածքներ» և հատկապես ընդգծում, որ «Դեբեդը Հայաստանում ռաֆթինգի համար միակ հարմար գետն է», իսկ Լոռին ունի տարածաշրջանում ամենամեծ քայլարշավային արահետների ցանցը։ Միևնույն ժամանակ նույն փաստաթուղթը մարզի թույլ կողմերի և սպառնալիքների շարքում ուղղակիորեն արձանագրում է «բնապահպանական խնդիրներ և հանքարդյունաբերություն»։ Փաստաթղթի 2-րդ ռազմավարական նպատակը՝ «Բնահենք զբոսաշրջություն և կայուն զարգացում», ուղղակիորեն կոչ է անում պաշտպանել և պահպանել Լոռու էկոհամակարգերը՝ անտառները, գետերը և պահպանվող տարածքները։
Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության հետագա հնարավոր զարգացումները Փամբակ համայնքի վարչական տարածքում կարող են անմիջականորեն առնչվել այն բնական միջավայրի հետ, որի պահպանության հենքի վրա է կառուցված մարզի կայուն զբոսաշրջության զարգացման ողջ ռազմավարությունը։
Կոչ ենք անում Փամբակ խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններին և ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին՝ սույն գործընթացի շրջանակներում կայացվող որևէ որոշման ընթացքում հաշվի առնել տարածաշրջանի բնական միջավայրի պահպանության ռազմավարական կարևորությունը՝ ի պահպանում Լոռու մարզի կայուն զբոսաշրջության զարգացման երկարաժամկետ շահերի»,-ասված է տարածված հայտարարության մեջ։
