Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/8/2026
share

Կլիմայի փոխոխությունը հարվածում է Եվրոպայի տնտեսությանը. վնասները չափվում են հարյուրավոր միլիարդ եվրոներով

Այս ամառվա սաստիկ շոգերը ցույց տվեցին, որ կլիմայի փոփոխության տնտեսական հետևանքներն արդեն հասել են Եվրոպա: Ռեկորդային տապն ու երաշտը վնաս են հասցրել էներգիայի արտադրությանը, նավարկությանը և հանրային առողջապահության համակարգերին: Անտառային հրդեհների այս մրցաշրջանը կարող է դառնալ Եվրոպայի պատմության մեջ ամենախոշորը:

Տնտեսագետների և գիտնականների գնահատմամբ՝ տարածաշրջանի տնտեսությանը հասցված ընդհանուր վնասն արդեն չափվում է հարյուրավոր միլիարդ եվրոներով։ Ծախսերը շարունակելու են աճել ավելի արագ, քան ջերմաստիճանը։

Եվրոպայում կլիման փոխվում է ավելի արագ, քան ցանկացած այլ մայրցամաքում: Հասցված վնասներն ազդում են պետական ֆինանսների վրա, առաջացնում ինֆլյացիայի տատանումներ, փոխում զբոսաշրջության աշխարհագրությունը և ստիպում Եվրամիությանը վերանայել էներգիայի արտադրության ու ապրանքների փոխադրման եղանակները:

Մանհայմի համալսարանի տնտեսագետ Սեհրիշ Ուսմանի խոսքով՝ 2026 թվականին ծայրահեղ իրադարձությունները (շոգ, երաշտ, անտառային հրդեհներ) տեղի են ունենում միաժամանակ և նույն տարածաշրջաններում՝ էլ ավելի խորացնելով դրանց ազդեցությունը:

Տնտեսական վնասները

Հունիսին և հուլիսին գրանցված ռեկորդային ջերմաստիճանների պատճառով տնտեսական վնասները կարող են գերազանցել նախկին բոլոր ցուցանիշները։

Ջրի ցածր մակարդակի պատճառով սահմանափակվել է նավարկությունը Հռենոս և Դանուբ գետերում:

Ավելի քան կես տասնյակ ատոմակայաններ դադարեցրել կամ կրճատել են արտադրանքը՝ հովացման դժվարությունների պատճառով:

Գյուղատնտեսության ոլորտում ուշ հավաքվող մշակաբույսերը (եգիպտացորեն, արևածաղիկ) հուլիսին արդեն 6-7% կորուստ են գրանցել:

Միայն Գերմանիայում գրանցվել է շոգի հետ կապված ավելի քան 10,000 մահ։

ING-ն գնահատում է, որ Հռենոսով երթևեկության դադարեցումը Գերմանիայի ՀՆԱ-ն այս տարի կնվազեցնի 0,3 տոկոսային կետով։ MBH Bank-ի գնահատմամբ՝ Հունգարիայի խոշորագույն ատոմակայանի անջատված յուրաքանչյուր շաբաթը ՀՆԱ-ից խլում է 0.1 տոկոսային կետ:

Allianz ապահովագրական ընկերության հաշվարկներով՝ հունիսյան երկշաբաթյա շոգը Եվրոպայի ՀՆԱ-ն նվազեցրել է 0,3 տոկոսային կետով: Մինչև 2030 թվականը կլիմայի փոփոխությունը խոցելի տնտեսությունների (Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա) աճից կխլի 5-7%: Allianz-ի տնտեսագետ Հազեմ Կրիշենը նշում է, որ այս ցուցանիշը դեռ հաշվի չի առնում հրդեհները, երաշտը, ջրհեղեղները կամ սպասվող Էլ Նինյոն:

Սեհրիշ Ուսմանը նշում է, որ վնասի ողջ ծավալը զգացվելու է մի քանի տարի անց, քանի որ ծայրահեղ եղանակը թողարկում է դանդաղ տնտեսական հետևանքների շղթա:

Ազդեցությունը Հարավային Եվրոպայի վրա

Հարավային Եվրոպայում ջերմաստիճանային ցուցանիշներն ամենաբարձրն են, ինչը կրճատում է զբոսաշրջությունից ստացվող եկամուտները, սրում բերքատվության կորուստները և խթանում արտագաղթը։

ING-ի տնտեսագետ Կարստեն Բրժեսկիի գնահատմամբ՝ զբոսաշրջության բնույթը փոխվելու է. հարավում ամառային պիկերը կնվազեն, քանի որ հանգստացողները կշարժվեն դեպի հյուսիս:

Բարսելոնայի սուպերհամակարգչային կենտրոնի հետազոտող Մաքսիմիլիան Կոտցի տվյալներով՝ 2022 թվականի ծայրահեղ տապը սննդամթերքի թանկացման միջոցով եվրոյի գոտու ինֆլյացիան ավելացրել է 0,34 տոկոսային կետով: Ծայրահեղ ջերմաստիճանների ազդեցությունը սննդամթերքի գների վրա ավելի մեծ է լինում տաք տարածաշրջաններում:

Բյուջետային ճնշումները և ԵԿԲ-ն

Allianz-ի վերլուծությամբ՝ արտադրողականության կորստից տարեկան հարկային հասույթի կրճատումը Ֆրանսիայում կարող է հասնել 1.8%-ի, իսկ Իտալիայում և Իսպանիայում՝ 1.3%-ի:

Բիզնեսի շահույթի նվազումը կրճատում է ներդրումները: Միևնույն ժամանակ աճում են արտակարգ իրավիճակներին արձագանգելու և ենթակառուցվածքների հարմարեցման ծախսերը: Bruegel վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Հեթեր Գրաբեն նշում է, որ երկրները դեռևս հենվում են արտակարգ իրավիճակների ժամանակավոր արձագանքման վրա, ինչը թանկ է և անարդյունավետ:

Ֆրանսիայում և Իտալիայում պարտքի մակարդակն արդեն բարձր է: Կառավարությունները պետք է ներդրումներ անեն նաև պաշտպանության ու «կանաչ» էներգետիկ անցման ոլորտներում: ING-ից Բրժեսկին նշում է, որ պետական պարտքի ավելացումը կարող է ճնշում առաջացնել Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) վրա՝ քանակական թուլացում իրականացնելու համար, եթե պարտատոմսերի շուկայում վաճառք սկսվի․ Reuters

facebook sharing button facebook