
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես ասվում է, որ «Հայհիդրոմետ»-ի կանխատեսումներով առաջիկա օրերին հանրապետությունում կդիտվի փոփոխական եղանակ։
Օգոստոսի 8-ին և 9-ի մինչև երեկո Հայաստանը կշարունակի գտնվել հարավային արևադարձային տակ օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում հանրապետության ողջ տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 9-ի ուշ երեկոյան ժամերին, օգոստոսի 10-ին և 11-ին Հայաստանը կգտնվի Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում։ Շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
Առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ և կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը՝ օգոստոսի 10- 11-ին, կնվազի 4- 6 աստիճանով և արդեն օգոստոսի 10-ից հետո հանրապետության տաք գոտիներում՝ Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովտային գոտիներում, ցերեկային ժամերին այն չի գերազանցի 34- 35 աստիճանը և կլինի կլիմայական նորմայի սահմաններում։
