
Դոնալդ Թրամփը ստորագրել է երկու գործադիր հրամանագիր, որոնք սահմանափակում են ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալը։
Առաջին հրամանագիրը սահմանում է օտարերկրացիների առանձին կատեգորիաներ, որոնց երեխաները, նույնիսկ եթե ծնվել են ԱՄՆ տարածքում, ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունք չունեն։ Դրանց թվում են՝
-
օտարերկրյա կառավարությունների աշխատակիցների երեխաները,
-
այն երեխաները, որոնց ծնողները քաղաքացիություն ստանալու համար «դիմել են խարդախության»,
-
որպես «թշնամի օտարերկրացիներ» (alien enemies) դասակարգվող անձանց երեխաները։
Երկրորդ հրամանագիրն ուղղված է «ծննդաբերական զբոսաշրջության» կանխմանը, որի շրջանակներում հղի կանայք մեկնում են ԱՄՆ ծննդաբերելու, որպեսզի երեխան ստանա ամերիկյան քաղաքացիություն։
ԱՄՆ-ում ծնված երեխաներին քաղաքացիություն երաշխավորող սահմանադրական փոփոխությունը Թրամփը մեկնաբանել է այսպես. «Սա ներդրվել է Քաղաքացիական պատերազմից անմիջապես հետո։ Դա նախատեսված էր ստրուկների երեխաների համար, իսկ ի՞նչ է տեղի ունենում հիմա։ Մարդիկ սրա վրա ամբողջական բիզնես են կառուցում»։
Ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալը սահմանափակող նախորդ հրամանագիրը Թրամփը ստորագրել էր նախագահի պաշտոնում իր առաջին իսկ օրը՝ 2025 թվականին, ներգաղթային քաղաքականության խստացմանն ուղղված միջոցառումների փաթեթի շրջանակներում։ 2026 թվականի հունիսին ԱՄՆ Գերագույն դատարանը վեց դատավորի որոշմամբ ընդդեմ երեքի մերժեց այդ փորձը։
Ներկայիս երկու հրամանագրերը տարբերվում են Գերագույն դատարանի կողմից արգելափակվածներից. դրանցում գործողության ոլորտը նեղացված է, նշում է ABC News-ը։ Ընդ որում, ԱՄՆ քաղաքացիության իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանափակելու ցանկացած փորձ, ամենայն հավանականությամբ, դատական քննության առարկա կդառնա, գրում է հեռուստաալիքը։
