
Տոկիոյի կենդանաբանական այգիներից մեկում երեք առյուծ է սատկել, ենթադրաբար՝ արևահարությունից ջերմային հարվածից, քանի որ Արևելյան Ասիայում ռեկորդային բարձր ջերմաստիճանը ստիպել է Հարավային Կորեայի նախագահին արտակարգ դրություն, ազգային աղետ հայտարարել:
Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնգը երեքշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ պաշտոնյաներին հանձնարարել է ապահովել աջակցություն շոգից առավել տուժածներին և ստուգել էլեկտրամատակարարման համակարգերը, քանի որ օդորակիչների պատճառով էլեկտրաէներգիայի պահանջարկը կտրուկ աճել է:
Հարավային Կորեայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալությունը հայտնել է, որ շոգի ալիքից մահացությունների թիվը հասել է 19-ի, որոնցից 13-ը 80 կամ ավելի բարձր տարիքի անձինք են: Մայիսի 15-ից ի վեր ամբողջ երկրում առնվազն 2,025 մարդ է տուժել շոգի հետ կապված հիվանդություններից:
«Էլ ավելի մեծ մտահոգություն է առաջացնում այն, որ եղանակային անոմալ պայմանները բարձր հավանականություն են ստեղծում, որ ծայրահեղ եղանակը կպահպանվի բավականին երկար ժամանակ», — նշել է Լին, ով պահանջում է աղետներին արձագանքման համակարգի արմատական վերանայում՝ վտանգավոր պայմաններին դիմակայելու համար:
Հարավային Կորեայի Օդերևութաբանական վարչության տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում երկրի ջերմաստիճանային ռեկորդը գերազանցվել է երեք անգամ, ընդ որում վերջինը գրանցվել է կիրակի օրը Յանգսան քաղաքում՝ 42․5 աստիճան Ցելսիուս, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 122 տարվա օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ:
Աննախադեպ շոգը չի սահմանափակվում միայն Հարավային Կորեայով: Սահմանից այն կողմ՝ Հյուսիսային Կորեայում, պետական Լրատվամիջոցները հայտնել են, որ երկրի մեծ մասը ծածկող շոգի վերաբերյալ նախազգուշացումները կպահպանվեն ամբողջ շաբաթվա ընթացքում, մինչդեռ Փհենյանի ջրային պարկերը մեծ թվով այցելուներ են ընդունել: Քանի որ Հյուսիսային Կորեայում մամուլի ազատություն չկա, շոգի ալիքից զոհերի ստույգ թիվն անհայտ է:
Ռեկորդային շոգ Արևելյան Ասիայում
Ճապոնիայում հուլիսի 20-ից 26-ն ընկած հատվածում մոտ 18,600 մարդ է տեղափոխվել հիվանդանոց արևահարության պատճառով, որոնցից 45-ի մոտ արձանագրվել է մահ՝ հիվանդանոց հասցնելիս, հայտնում է երկրի հրդեհային և աղետների կառավարման գործակալությունը: Երկրի որոշ հատվածներում վերջին շաբաթներին ջերմաստիճանը հասել է 40°C-ի՝ արժանանալով նոր ձևակերպման՝ «դաժանորեն շոգ օր»:
Տոկիոյի ամենամեծ՝ Տամա կենդանաբանական այգում անցյալ երեքշաբթի սատկել է Մուգի անունով 3-ամյա էգ առյուծը, ուրբաթ օրը՝ Իչիգո անունով 11-ամյա մեկ այլ առյուծ, իսկ կիրակի օրը՝ Լուենա անունով 15-ամյա երրորդ առյուծը:
«Մեր անասնաբույժի փոխանցմամբ՝ մահվան պատճառը, ենթադրաբար, արևահարությունն է», — հայտնել է կենդանաբանական այգու ներկայացուցիչը:
«Չնայած համարվում է, որ առյուծները դիմացկուն են շոգի նկատմամբ, կենդանապահները վերջին տարիներին ուժեղացրել են խնամքի միջոցառումները՝ Ճապոնիայի ամառային շոգին դիմակայելու համար: Այստեղի շոգն ուղեկցվում է բարձր խոնավությամբ, ինչը տարբերվում է Աֆրիկայի չոր օդով շոգից»:
Գիտնականները նշում են, որ մարդկային գործունեությամբ պայմանավորված կլիմայի փոփոխությունը շոգի ալիքներն ու մյուս ծայրահեղ եղանակային երևույթները դարձնում է ավելի հաճախակի, տևական և ինտենսիվ:
Եվրոպայում ծայրահեղ շոգն ու ուժեղ քամիները հրդեհներ են առաջացնում և տարհանումներ պատճառում Հունաստանում, իսկ Իսպանիան և Ֆրանսիան նույնպես բարձր պատրաստվածության վիճակում են նոր հրդեհների սպառնալիքի պատճառով: Ծայրահեղ շոգ է գրանցվել նաև ԱՄՆ-ում՝ մեծացնելով անտառային հրդեհների ռիսկերը:
ՄԱԿ-ի օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է, որ սպասվում է հզոր «Էլ Նինյո» երևույթի ինտենսիվացում: Այն նախազգուշացրել է, որ այս երևույթը, ամենայն հավանականությամբ, կբարձրացնի գլոբալ ջերմաստիճանը նորմայից բարձր մակարդակի և էապես կփոխի տեղումների մոդելները:
«Էլ Նինյոն» բնականորեն առաջացող պարբերական կլիմայական երևույթ է, որի դեպքում Խաղաղ օվկիանոսի սովորականից ավելի տաք ջրերը խաթարում են գլոբալ եղանակային համակարգերը՝ սովորաբար ինտենսիվացնելով շոգի ալիքները, երաշտները և փոթորիկներն աշխարհի տարբեր մասերում. AlJazeera
