Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/8/2026
share

Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների դատավճիռները

Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Օգոստոսի 6-ին տեղի ունեցած նիստում դատարանը մերժել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և մյուս հայ գերիների ներկայացրած բողոքները՝ ուժի մեջ թողնելով 2026-ի փետրվարի 5-ի Բաքվի ռազմական դատարանի որոշումը։

Կայացված որոշման համաձայն՝ անփոփոխ են մնում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ցմահ ազատազրկման դատավճիռները։

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի ազատազրկման ժամկետը թողնվել է 20 տարի, Մադաթ Բաբայանինը և Մելիքսեթ Փաշայանինը՝ 19 տարի, Գարիկ Մարտիրոսյանինը՝ 18 տարի, Դավիթ Ալավերդյանինը և Լևոն Բալայանինը՝ 16 տարի, իսկ Վասիլի Բեգլարյանինը, Գուրգեն Ստեփանյանինը և Էրիկ Ղազարյանինը՝ 15 տարի։

Ադրբեջանն Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարներին գերեվարել է 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և տեղի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո։ 

2026-ի փետրվարին Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը Բաքվում դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ռուբեն Վարդանյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, քանի որ Ադրբեջանի օրենսդրությամբ 65 տարին լրացած անձանց նկատմամբ ցմահ ազատազրկում չի կիրառվում։

facebook sharing button facebook