Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/8/2026
share

Սերժ Սարգսյանից և մի շարք այլ նախկին պաշտոնյաներից գույք և դրամական միջոցներ կբռնագանձվեն. գլխավոր դատախազ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 6-ի նիստում անդրադարձել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով կայացված վճիռներին և ներկայացված հայցերին, որոնք վերաբերում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների:

Մասնավորապես՝ 

2026 թվականի հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանի կողմից մասնակի բավարարվել է Դատախազության հայցը՝ ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.

  • Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մեկ բնակարանի 45%-ը,
  • Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող մեկ բնակելի տունն ամբողջությամբ,
  • 184 միլիոն 222 հազար 585 դրամ:

Աննա Վարդապետյանն ասել է. «Նշեմ, որ Սարգիս Սահակյանի վճռից բացի, ունենք այլ անձանց վերաբերյալ կայացված վճիռներ, որոնք դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել:

Մասնավորապես՝

  1. Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 3-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.
  • Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, որոնցից 1 կբռնագանձվի ամբողջությամբ, 2 գույքերի՝ ապօրինի գնահատված մասերը,
  • Բանկում ներդրված 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, դրանցից կուտակված ընդհանուր՝ 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները,
  • 352 միլիոն 438 հազար դրամ:
  1. Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 5-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.
  • 8 անշարժ գույք, որոնցից 4-ը կբռնագանձվի ամբողջությամբ, մյուս 4-ը՝ ապօրինի ճանաչված մասերով,
  • 1 իրավաբանական անձում 50% մասնակցությունը,
  • 2 տրանսպորտային միջոց,
  • 2 անշարժ գույքի և 1 տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը՝ շուրջ 25 միլիոն դրամ,
  • 85 միլիոն 430 հազար դրամ:
  1. Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 21-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր դուստր՝ Անի Սարգսյանի: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.
  • Էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության 39341 հատ բաժնետոմս,
  • 864 հազար ԱՄՆ դոլար ավանդ, 
  • 10 միլիոն 200 հազար դրամ, 
  • 4853 եվրո, 
  • 2 միլիոն 643 հազար դրամ:
  1. Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.
  • 9 անշարժ և 6 շարժական գույք,
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն, 
  • 340 միլիոն դրամ:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում՝ օրինական ուժի մեջ մտած վճիռներով և հաշտություններով Հայաստանի Հանրապետությանը վերադարձված գույքի և դրամական միջոցների արժեքը կազմում է շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ (շուրջ 17 միլիոն ԱՄՆ դոլար)։ 

Մասնավորապես, այս պահի դրությամբ օրինական ուժի մեջ մտած 2 դատական ակտերի և 11 հաշտության համաձայնությունների արդյունքում՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 12 անշարժ գույք, 2 շարժական գույք, 2000 բաժնետոմս, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել նաև 264 հազար ԱՄՆ դոլարի փոխառության պահանջի իրավունքը, ինչպես նաև ավելի քան 1 միլիարդ դրամ։ 

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի գործով դատարանը բավարարել էր նաև շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամական պահանջ, որն ուղարկվել է հարկադիր կատարման ծառայություն բռնագանձումն ապահովելու նպատակով:

2026 թվականի հունիսի 17-ին կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն, որը մտել է օրինական ուժի մեջ։ Նշված հաշտության արդյունքում պետությանը ենթակա է վերադարձման ավելի քան 304 միլիոն դրամ։ 

Ինչ վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում դատարան ներկայացված հայցերին, ապա նշեմ, որ ներկայում Հակակոռուպցիոն դատարանում քննվում է 172 հայց, իսկ 2-ը դեռևս չեն ընդունվել վարույթ։ Դատարանում քննվող հայցերի ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 628 միլիարդ 600 միլիոն դրամ։ Հայցերով պահանջվում է բռնագանձել 1486 անշարժ գույք, 371 շարժական գույք, 464 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև դրամական միջոցներ, որոնց ընդհանուր չափը կազմում է շուրջ 464 միլիարդ 600 միլիոն դրամ»:

facebook sharing button facebook