
Ռուսական «Չեստնի զնակ» (Честный знак) ապրանքների մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականով արգելափակել է Հայաստանից ներկրված ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների իրացումը։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի» (ЦРПТ) մամուլի ծառայությունը։
Սահմանափակումը վերաբերում է «Բջնի» (BJNI) բուժական-սեղանի հանքային ջրի, «Պրոստո Ազբուկա» (Просто Азбука) բնական խմելու ջրի (այդ թվում՝ մանկական) և «Մոխիտո» (Мохито) ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների առանձին խմբաքանակներին։
Ըստ աղբյուրի՝ արգելափակման պատճառը ՌԴ քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս պատճառելու ռիսկերն են։ Մամուլի ծառայության ներկայացուցչի փոխանցմամբ՝ արտադրողները խախտել են արտադրանքի նկատմամբ սահմանված պարտադիր պահանջները։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ արգելքը տարածվում է միայն որոշակի ամսաթվերին արտադրված խմբաքանակների վրա և չի վերաբերում ընկերությունների մյուս արտադրանքներին։
«Ներկայումս Ռոսպոտրեբնադզորի նշած խմբաքանակների իրացումն արգելված է մանրածախ և առցանց վաճառքի կետերում՝ մինչև բոլոր անհրաժեշտ ստուգումների ավարտը։ Մարկավորման համակարգն ինտեգրված է երկրի յուրաքանչյուր դրամարկղի հետ, ինչը թույլ է տալիս ակնթարթորեն ապահովել սպառողների պաշտպանության մեխանիզմը», - նշել է ЦРПТ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը։
Յուսուպովը հավելել է, որ 2026-ի սկզբից ի վեր «Չեստնի զնակ» համակարգը կանխել է պիտանիության ժամկետների և պարտադիր պահանջների խախտումներով 48 մլն շիշ խմելու ջրի վաճառքը։
2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և դրանից հետո Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսեց կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա։
Ապրիլի վերջին ՌԴ սպառողների իրավունքների գործակալությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», խնդիրներ գտավ «Ջերմուկ» հանքային ջրերում և սահմանափակեց ներմուծումը։ Ավելի ուշ սահմանափակումները տարածվեցին հայկական գյուղմթերքի, ծաղիկների, ալկոհոլային խմիչքների և այլ ապրանքների վրա։ Փորձագետները նշում են, որ այս պատժիչ քայլերը կապված են հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, և Մոսկվան դրանով ցանկանում է հայ ընտրողներին կողմնորոշել քվեարկելու ռուսամետ թեկնածուների օգտին։
