
Ակնկալվում է, որ տեղական ապահովագրական ընկերությունները կփոխհատուցեն Եվրոպայի վերջին պատմության մեջ ամենալուրջ անտառային հրդեհների հասցրած վնասների հիմնական մասը, սակայն այս հրդեհները նաև ավելի գլոբալ հարց են բարձրացնում․ ո՞վ է վճարելու, երբ կլիմայական աղետները դառնան ավելի հաճախակի ու ավերիչ:
Իշխանությունները Ֆրանսիայում էվակուացրել են շուրջ 220,000 մարդու, քանի որ աննախադեպ հրդեհները մոլեգնում են ողջ երկրով մեկ: Հրդեհները տարածվել են նաև Իսպանիայում և Հունաստանում՝ մեծացնելով մտահոգությունները ապահովագրության ծախսերի աճի և կլիմայական ռիսկերից պաշտպանվածության խորացող բացերի վերաբերյալ:
Morningstar DBRS վարկանիշային գործակալության տվյալներով՝ Ֆրանսիայի ընդհանուր վնասը կարող է հասնել 10-ից 15 միլիարդ եվրոյի (11,5-ից 17,3 միլիարդ դոլար), որից ապահովագրված վնասը կազմում է մի քանի միլիարդ եվրո:
Թեև սա կառավարելի է ոլորտի համար, վերլուծաբաններն ասում են, որ հրդեհները կարող են նախանշել ապագա մարտահրավերները, եթե դրանք սկսեն ավելի հաճախ սպառնալ խիտ բնակեցված տարածքներին:
«Սա կարող է իրական սպառնալիք դառնալ ոլորտի համար, եթե անտառային հրդեհն անվերահսկելի դառնա և հասնի միջին չափի քաղաք, օրինակ՝ Բորդո», — նշել է Morningstar DBRS-ի գործադիր տնօրեն Մարկոս Ալվարեսը: — «Դա բոլորովին այլ մասշտաբի կորուստներ են»։
Թեև սա զգալիորեն զիջում է 2025 թվականին Կալիֆոռնիայի «Palisades» հրդեհի հասցրած շուրջ 40 միլիարդ դոլարի ապահովագրված վնասին, ֆրանսիական հրդեհները, միևնույն է, կարող են դառնալ երկրի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհային պատահարը՝ վնասի ծավալով:
Տների և բիզնեսի վնասներին զուգահեռ՝ ապահովագրողները սպասում են հատուցման դիմումների, որոնք կապված են զանգվածային էվակուացիաների (ինչի պատճառով բնակիչները չեն կարողացել մուտք գործել իրենց գույք), ինչպես նաև ածանցյալ հետևանքների հետ, ինչպիսիք են գործարարության ընդհատումը, մատակարարման շղթաների խափանումն ու էներգամատակարարման անջատումները:
Առայժմ ակնկալվում է, որ վերականգնման ծախսերի հիմնական բեռը կկրեն մասնավոր ապահովագրողները: Ի տարբերություն ջրհեղեղների և երաշտների՝ անտառային հրդեհները ներառված չեն Ֆրանսիայի՝ բնական աղետների պետական աջակցության փոխհատուցման համակարգում:
Fitch Ratings-ը անցյալ շաբաթ հրապարակված հետազոտության մեջ նշել է, որ ապահովագրողների 2026 թվականի եկամուտների վրա ազդեցությունը պետք է սահմանափակ մնա, եթե հրդեհները չտարածվեն խոշոր բնակելի, առևտրային կամ արդյունաբերական գոտիների վրա:
Անցյալ շաբաթ The Insurer-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի ապահովագրողները համաձայնեցրել են արտակարգ միջոցառումներ, որոնք թույլ են տալիս Բորդոյի մոտակայքում անտառային հրդեհների պատճառով էվակուացված ապահովադիրներին մինչև երեք շաբաթ մնալ հյուրանոցներում՝ ապահովագրողի հաշվին:
Այս միջոցառումները օգնեցին Նիկոլա Մյուլակին՝ Բորդոյի մոտ գտնվող Մարշպրիմից դեղագործին, ով հուլիսի 24-ին իր զուգընկերոջ հետ լքել էր տունը, երբ հրդեհը մոտենում էր: Թեև նրա տունը չէր վնասվել, Մյուլակը դիմում է ներկայացրել կացության և սննդի ծախսերը փոխհատուցելու համար և գործընթացը նկարագրել է որպես «շատ պարզ»:
ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԲԱՑԸ
Հրդեհները վերստին ուշադրություն հրավիրեցին Եվրոպայում «ապահովագրական ծածկույթի բացի» (Protection Gap) վրա, որը աղետներից հասցված ընդհանուր վնասի և ապահովագրությամբ հատուցվող գումարի միջև եղած տարբերությունն է:
Իսպանիայում 2025 թվականի անտառային հրդեհները հասցրել են մոտ 5 միլիարդ եվրոյի վնաս, սակայն դրանից «1 միլիարդ եվրոյից զգալիորեն պակասն» է եղել ապահովագրված, ասել է Ցյուրիխում գործող Marsh ապահովագրական բրոքերի գլոբալ տեղաբաշխման ղեկավար Թայսոն Վիքերին:
Եվրոպական կենտրոնական բանկը և Եվրոմիության ապահովագրության կարգավորող մարմինը նախազգուշացրել են, որ 1980-ից 2024 թվականներին կլիմայական աղետների հասցրած վնասների միայն քառորդ մասն է եղել ապահովագրված: Անտառային հրդեհների ապահովագրությունը Եվրոպայում նույնպես ավելի թույլ է զարգացած, քան ԱՄՆ-ում:
«Իսպանիան նախկինում ևս ունեցել է մասշտաբային անտառային հրդեհներ, և ապահովագրական ոլորտը զգալի փորձ ունի նման իրադարձություններին արձագանքելու գործում», - ասել է Gallagher Spain ապահովագրական բրոքերի գլխավոր տնօրեն Անա Մատարանցը
«Այն, ինչ փոխվում է, կլիմայական ռիսկերի աճող հաճախականությունն ու ծանրությունն է»։
Վերլուծաբանները և կլիմայի փորձագետները Reuters-ին հայտնել են, որ Եվրոպայում անտառային հրդեհների պատմական տվյալների պակասը, որոնց վրա հիմնվում են ապահովագրողները ռիսկերը մոդելավորելու և գնագոյացնելու համար, կարող է բարդացնել ռիսկերի ապահովագրման (underwriting) որոշումները:
Այնուամենայնիվ, բարձր ռիսկայնության գոտիներում տնային տնտեսությունների ապահովագրավճարները, հավանաբար, կբարձրանան, երբ պայմանագրերը թարմացվեն հունվարին, The Insurer-ին հայտնել է Miller ապահովագրական բրոքերի Ֆրանսիայի ստորաբաժանման ղեկավար Ռոդոլֆ Մանը:
Ֆրանսիայում գույքի ապահովագրությունը լայնորեն տարածված է, քանի որ հիպոթեք ունեցող տանտերերից վարկատուները սովորաբար պահանջում են ապահովագրություն ունենալ, իսկ վարձակալները, որպես կանոն, պարտավոր են ապահովագրել բնակարանը, նշել է նա:
Munich Re-ի տվյալները ցույց են տալիս, որ 2016-ից 2025 թվականներին անտառային հրդեհներից աշխարհում կրած 173 միլիարդ եվրոյի վնասից Եվրոպային բաժին է ընկել 5%-ը:
Ըստ AXA-ի կլիմայական ստորաբաժանման հուլիսյան զեկույցի՝ մինչև 2050 թվականը ֆրանսիական քաղաքների շրջակա տարածքներում բարձր հրդեհավտանգավորությամբ օրերի քանակը տարեկան միջինում կարող է աճել գրեթե 70%-ով:
AMICE ոլորտային միության գլխավոր քարտուղար Սարա Գոդարդն ասել է, որ աճող աղետալի ռիսկերը հիմնավորում են Եվրոպայում ապահովագրական ծածկույթի բացը նվազեցնելու անհրաժեշտությունը, սակայն ԵՄ մակարդակով դա անելու ջանքերը դեռևս «նախնական» փուլում են:
«Թեև դեռ վաղ է գնահատել այս իրադարձությունների վերջնական արժեքը, Եվրոպան ավելի ու ավելի հաճախ է բախվում պայմանների, որոնք ավանդաբար ասոցացվում էին անտառային հրդեհների հակված խոշոր տարածաշրջանների հետ, ինչպիսիք են Կալիֆոռնիան և Ավստրալիայի որոշ հատվածներ», - ասել է Լոնդոնի Clyde & Co իրավաբանական ընկերության գործընկեր Ուին Լոուրենսը․ Reuters
