
Վերջին ամիսներին Ստեփանավան խոշորացված համայնքում ամենաքննարկվող թեմաներից մեկը «Սագամար» ՓԲԸ-ի նախաձեռնությունն է՝ երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով։ Թեև ընկերությունը խոսում է միայն հետազոտական աշխատանքների մասին, համայնքի բնակիչների և բնապահպանների մտահոգությունն այն է, որ այդ ուսումնասիրությունները կարող են դառնալ նոր հանքի բացման կամ գործող հանքային տարածքների ընդլայնման նախապատրաստական փուլ։
Ի՞նչ է նախատեսվում անել
«Սագամար» ՓԲԸ-ն ցանկանում է 2026-2029 թվականներին իրականացնել երկրաբանական ուսումնասիրություններ Ստեփանավանի հանքային դաշտի «Չքնաղ–Արմանիս» հեռանկարային տարածքում։ Խոսքը որոնողագնահատողական աշխատանքների մասին է, որոնց նպատակն է ուսումնասիրել հանքայնացված գոտիները և գնահատել օգտակար հանածոների պաշարների հեռանկարները։ Հայաստանի օրենսդրությամբ երկրաբանական ուսումնասիրությունը դեռևս հանքի շահագործում չէ, սակայն դա այն փուլն է, որի արդյունքների հիման վրա կարող է հետագայում ներկայացվել հանքարդյունահանման նախագիծ։ «Ընդերքի մասին» օրենսգիրքը նաև թույլ է տալիս ուսումնասիրության ընթացքում դիմել հատկացված տարածքի ընդլայնման համար։
Ժամանակագրությունը
Ստեփանավանի և հարակից բնակավայրերի շուրջ «Սագամար»-ի ծրագրերը նոր չեն։ 2024 թվականին ընկերությունը հանրային լսումներ էր կազմակերպել Արմանիս, Ուրասար և այլ բնակավայրերում՝ 2024-2027 թվականներին երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով։ Այդ ժամանակ ևս բնակիչներն ու բնապահպանները հիշեցնում էին, որ Արմանիսի նախկին ոսկի-բազմամետաղային հանքավայրի հետևանքները մինչև այսօր ամբողջությամբ չեն վերացվել։
2026 թվականին նախաձեռնությունը նոր թափ ստացավ։ Ստեփանավանի համայնքապետարանը հրապարակեց 2026-2029 թվականների ուսումնասիրությունների ծրագրի հանրային քննարկումների մասին հայտարարություն, իսկ հունվարի վերջին քննարկումներ անցկացվեցին Ստեփանավան, Արմանիս և Ուրասար բնակավայրերում։
Փետրվարյան որոշումը
Ամենակարևոր շրջադարձը տեղի ունեցավ 2026 թվականի փետրվարին, երբ Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանին դրական եզրակացություն տվեց «Սագամար» ՓԲԸ-ին երկրաբանական աշխատանքներ իրականացնելու թույլտվության հարցում։ Քննադատները պնդում են, որ այդ որոշումը փաստացի բացեց ճանապարհը հետագա հանքային ծրագրերի համար, այդ թվում՝ ուսումնասիրության տարածքների հնարավոր ընդլայնման ուղղությամբ։
Ինչու՞ է որոշումը հակասական
Հակասությունն առավել ակնհայտ է, եթե համեմատենք այն հենց նույն համայնքի ռազմավարական փաստաթղթի հետ։ Ստեփանավան խոշորացված համայնքի 2022-2026 թթ. հնգամյա զարգացման պլանում, համայնքի զարգացման հնարավորությունների շարքում, ի թիվս այլ ուղղությունների, նշված է նաև տուրիզմի զարգացումը։ Սակայն նույն փաստաթղթի «զարգացման սպառնալիքներ» բաժնում առաջիններից մեկը հենց հանքարդյունաբերությունն է. «Հանքարդյունաբերություն. Սագամար, ոսկու, պղնձի բաց հանք, չի շահագործվում, շարունակում է աղտոտել բնությունը և նպաստել մարդկանց առողջության վատթարացմանը, վնաս շրջակա միջավայրին՝ ջուր, օդ, հող։ Վնաս տուրիզմին։ Վնաս երկարաժամկետ աշխատատեղերի ստեղծմանը, վնաս գյուղատնտեսությանը»։
Այսինքն՝ համայնքն ինքն է իր զարգացման պաշտոնական ծրագրում արձանագրել, որ նախկին «Սագամարի» հանքը նույնիսկ չշահագործվելու պայմաններում շարունակում է բացասական ազդեցություն ունենալ բնության, առողջության, տուրիզմի և գյուղատնտեսության վրա։ Սակայն դրանից կարճ ժամանակ անց նույն ավագանին դրական եզրակացություն է տալիս այդ նույն ընկերության նոր ուսումնասիրություններին։
Բնակիչների հիմնական մտահոգությունները
Հանրային լսումների ընթացքում և դրանցից հետո բարձրացվել են մի քանի հիմնական հարցեր.
-
ինչու են նոր ուսումնասիրություններ իրականացվում, եթե հին հանքավայրի բնապահպանական խնդիրները վերջնականապես լուծված չեն,
-
արդյոք ուսումնասիրվող տարածքները հետագայում չեն ընդլայնվելու,
-
ինչ ազդեցություն կունենա ծրագիրը խմելու ջրի, հողի և անտառային տարածքների վրա,
-
ինչպես է այն համատեղվելու համայնքի տուրիստական զարգացման ռազմավարության հետ։
Բնապահպանական կազմակերպությունները նաև հիշեցնում են, որ երկրաբանական ուսումնասիրությունը կարող է լինել հանքարդյունահանման նախնական փուլ, և այդ պատճառով հանրային վերահսկողությունը պետք է սկսվի հենց այս փուլից, այլ ոչ միայն շահագործման թույլտվության ժամանակ։
Հանրային դիմադրությունը
Ավագանու որոշումից հետո Ստեփանավանում ձևավորվել է ակտիվ քաղաքացիական դիմադրություն։ Բնակիչները, բնապահպաններն ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները պարբերաբար բարձրաձայնում են, որ երկրաբանական ուսումնասիրությունները չպետք է դիտարկվեն որպես զուտ գիտահետազոտական աշխատանքներ, քանի որ դրանք կարող են հիմք ստեղծել ապագայում հանքի շահագործման կամ գործող տարածքների ընդլայնման համար։
Վերջին ամիսներին կազմակերպվել են հանրային քննարկումներ, իրազեկման հանդիպումներ և քաղաքացիական ակցիաներ։ Բնակիչները պահանջում են, որպեսզի համայնքի զարգացման վերաբերյալ որոշումները համապատասխանեն համայնքի ռազմավարական առաջնահերթություններին՝ տուրիզմի, գյուղատնտեսության և առողջ շրջակա միջավայրի պահպանմանը, այլ ոչ թե նպաստեն նոր հանքարդյունաբերական ծրագրերի առաջխաղացմանը։
Այս պահին շարունակվում է նաև ստորագրահավաք, որի նպատակն է շրջակա միջավայրի նախարարությանը և այլ պատասխանատու պետական մարմիններին ներկայացնել համայնքի բնակիչների դիրքորոշումը։ Նախաձեռնության հեղինակները կոչ են անում քաղաքացիներին միանալ ստորագրահավաքին՝ ընդգծելով, որ այն ուղղված է Ստեփանավանի հանքայնացման կանխմանը և համայնքի զարգացման այլընտրանքային տեսլականի պաշտպանությանը։ Ստորագրահավաքին հնարավոր է միանալ ինչպես առցանց, այնպես էլ թղթային տարբերակով։
Ի՞նչ փուլում է իրավիճակը
Ստեփանավանում, փաստացի, ձևավորվել է մի իրավիճակ, որտեղ մի կողմից համայնքի պաշտոնական զարգացման փաստաթուղթը հանքարդյունաբերությունը բնութագրում է որպես բնությանը, մարդկանց առողջությանը, տուրիզմին և գյուղատնտեսությանը սպառնացող գործոն, իսկ մյուս կողմից նույն համայնքի ղեկավար մարմինը դրական եզրակացություն է տալիս «Սագամար» ՓԲԸ-ի երկրաբանական ուսումնասիրություններին։
Հենց այս հակասությունն է դարձել վերջին ամիսների հանրային քննարկումների և քաղաքացիական ակտիվության առանցքային թեմաներից մեկը. բնակիչների մի մասը պնդում է, որ եթե համայնքի ռազմավարական նպատակը զբոսաշրջության և կայուն զարգացման խթանումն է, ապա հանքարդյունաբերության նոր փուլին նախորդող ուսումնասիրություններին աջակցելը հակասում է այդ նպատակներին։ Միևնույն ժամանակ նախաձեռնողները շեշտում են, որ իրենց պայքարն այս պահին ուղղված չէ արդեն գոյություն ունեցող հանքի շահագործման հարցին, այլ այն գործընթացի կանխմանը, որը, նրանց համոզմամբ, կարող է ապագայում հանգեցնել նոր հանքավայրերի բացման կամ գործող տարածքների ընդլայնմանը։
