
«Սա արդեն մարդկանց անվտանգության խնդիր է»․ զբոսավար Սոնա Հայրապետյանը պատասխանատու գերատեսչություններին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Դիմաց լեռան վրա ստեղծված վտանգավոր իրավիճակը կարգավորելու համար։ Ահազանգի համաձայն՝ զբոսաշրջիկների միջև բախումները հաճախակի են դարձել, և տարածքում մշտական պարեկային ծառայության անհրաժեշտություն կա։ Մասնավորապես գրել է
«Խնդրում եմ ուշադրություն դարձնել Դիմաց լեռան հետ կապված ստեղծված իրավիճակին։
Խնդրում եմ այս խնդրին լրջորեն ուշադրություն դարձնել բոլոր պատասխանատու անձանց, ոլորտի ներկայացուցիչներին և հատկապես տուրիզմով զբաղվողներին։
Դիմաց լեռան վրա օրեցօր չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծվում․ տարբեր խմբերի զբոսաշրջիկների միջև հաճախակի տեղի են ունենում բախումներ:
Դիմաց լեռն օրեցօր ավելի մեծ թվով այցելուներ է ընդունում, և նման իրավիճակները կարող են շատ ավելի լուրջ հետևանքներ ունենալ։
Կարծում եմ՝ ժամանակն է, որ համապատասխան մարմինները լրջորեն զբաղվեն այս հարցով։ Անհրաժեշտ է քննարկել տարածքում պարեկային կամ վերահսկողության ծառայության մշտական ներկայության հնարավորությունը, հատկապես զբոսաշրջային ակտիվ օրերին։
Սա արդեն միայն զբոսաշրջության հարց չէ․ սա մարդկանց անվտանգության խնդիր է։
Խնդրում եմ համապատասխան կառույցներին և ոլորտի պատասխանատուներին արձագանքել և կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, քանի դեռ որևէ ավելի ծանր դեպք չի արձանագրվել»․ Սոնա Հայրապետյան
