Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/8/2026
share

Հայաստանում SLAPP հայցերը դարձել են բնապահպան ակտիվիստների նկատմամբ ճնշման հիմնական գործիքներից մեկը

Բնապահպան ակտիվիստների և իրավապաշտպանների նկատմամբ ճնշումները Հայաստանում ավելի հաճախ դրսևորվում են ոչ թե ֆիզիկական, այլ իրավական մեխանիզմներով։ SLAPP դատական գործերը՝ որպես հանրային մասնակցությանը խոչընդոտող գործիք, դարձել են էկոակտիվիստական շարժման առջև ծառացած կարևոր մարտահրավերներից մեկը։ Այս մասին քննարկվել է «Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» համաժողովի շրջանակում անցկացված «Էկոակտիվիզմը, SLAPP-երը և հանրային մասնակցության տարածքը» խորագրով պանելային քննարկման ընթացքում։

 

Քննարկման ընթացքում իրավապաշտպանները, բնապահպան ակտիվիստներն ու իրավաբանները անդրադարձել են Հայաստանում SLAPP դատական գործերի տարածմանը, դրանց ազդեցությանը քաղաքացիական նախաձեռնությունների վրա և հակա-SLAPP իրավական մեխանիզմների անհրաժեշտությանը ։«Մարդու իրավունքների տուն Երևան» հասարակական կազմակերպության ծրագրի համակարգող Սոնա Մխիթարյանը նշեց, որ վերջին տարիներին իրավապաշտպանների և ակտիվիստների նկատմամբ ոտնձգությունները, ինչպես նաև նրանց լռեցնելու փորձերը տարբեր մեխանիզմներով, ավելանում են։

 

«Դրանք տարեցտարի շատանում են, պարզապես փոխվում է դրանց տեսակը։ Եթե մի երկրում շատ են ֆիզիկական բռնությունները, հարձակումները, սպանության դեպքերը, Հայաստանում հիմնական խոչընդոտը SLAPP-երն են՝ իրավական ճնշումները։ Կան նաև հանրային մասնակցության ճնշումներ, օրինակ՝ ապատեղեկատվական նարատիվների ձևով։ Եթե համապատասխան իրավական և այլ գործիքակազմեր չներդրվեն, SLAPP-ի մասով խնդիրը գնալով ուժգնանալու է»,- ասաց նա։

 

Մխիթարյանի խոսքով՝ նախորդ տարի փաստաթղթավորվել են առնվազն 35 SLAPP գործեր։ Նրա ներկայացմամբ՝ եվրոպական երկրներում նման դատական գործընթացները հիմնականում թիրախավորում են լրատվամիջոցներին և լրագրողներին, մինչդեռ Հայաստանում դրանց զգալի մասը վերաբերում է բնապահպան-իրավապաշտպաններին։ «Երեք միլիոնից քիչ բնակչություն ունեցող երկրի համար սա բավականին մեծ և անհանգստացնող թիվ է»,- նշեց նա։

 

Սոնա Մխիթարյանի խոսքով՝ խնդրի կարևոր բաղադրիչներից մեկը հանրային իրազեկվածության ցածր մակարդակն է։ «SLAPP տերմինն անգամ որոշ իրավաբանական դասագրքերում չեք գտնի։ Եթե մարդն անձնապես այդ խնդրի հետ չի առնչվել, իրազեկվածության մակարդակը շատ ցածր է»,- ասաց նա։

 

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ոչ միայն զարգացնել իրավական գործիքները, այլև բարձրացնել քաղաքացիների, ակտիվիստների և հանրային դերակատարների գիտելիքները՝ հասկանալու համար, թե երբ են դատական գործընթացները վերածվում հանրային մասնակցությունը սահմանափակող մեխանիզմի։

 

«Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ, լրագրող-բնապահպան և SLAPP գործերով տուժած Թեհմինե Ենոքյանը քննարկման ընթացքում ներկայացրեց իր փորձառությունը և խոսեց նման գործընթացների ընթացքում կրած հոգեբանական ազդեցության մասին։ Թեհմինե Ենոքյանը տարիներ շարունակ լուսաբանել է Ամուլսարի հանքի շահագործման թեման և առնչվել մի շարք դատական գործընթացների։ Բաց աղբյուրներում փաստագրված է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը նրա դեմ ներկայացրել էր դատական հայց՝ պահանջելով հերքել ընկերության գործարար համբավին վնաս հասցնող հայտարարությունները և վճարել փոխհատուցում։ Ավելի ուշ փաստագրվել են նաև այլ դատական գործընթացներ, այդ թվում՝ «Լիդիան Արմենիա» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունների հայցերը նրա դեմ։ «Պարզ է, որ ուզում ենք այդ հայցերը բողոքարկել ՄԻԵԴ-ում, և ժամանակ է պետք, որպեսզի արդարադատության նժարները փոխենք»,- ասաց նա։

 

Հակա-SLAPP օրենսդրության անհրաժեշտությունը

 

Փաստաբան, SLAPP գործերով փորձագետ Գուրգեն Թորոսյանը նշեց, որ նմանատիպ դատական հայցերը հաճախ ոչ թե ուղղված են հայցվորի իրավունքների պաշտպանությանը, այլ կարող են ունենալ քաղաքացիներին, ակտիվիստներին և լրագրողներին լռեցնելու ազդեցություն։ «Հայաստանն ունի միջազգային պարտավորություն իր օրենսդրությունը համապատասխանեցնել հակա-SLAPP մոտեցումներին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ներկայումս դատավարական գործընթացներում դժվար է արդյունավետ կերպով ներկայացնել, որ տվյալ գործը SLAPP բնույթի է։

 

Քննարկման մասնակիցների խոսքով՝ SLAPP-երի խնդիրը միայն առանձին դատական գործերի մասին չէ։ Այն վերաբերում է հանրային մասնակցության հնարավորություններին, քաղաքացիների՝ որոշումների կայացման գործընթացներում ներգրավվածությանը և հանրային շահի պաշտպանության հնարավորությանը։ Բնապահպանական թեմաներով հանրային քննարկումների, հետազոտությունների և քննադատական ձայնի պահպանությունը, ըստ մասնակիցների, կարևոր պայման է ոչ միայն շրջակա միջավայրի պաշտպանության, այլև ժողովրդավարական գործընթացների կայուն զարգացման համար։

 

Համաժողովը կազմակերպվել էր «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով տեսանելի դարձնել Հայաստանի տարբեր համայնքներում ձևավորված էկոակտիվիստական նախաձեռնությունները, խթանել փորձի փոխանակումն ու համագործակցությունը և ձևավորել շրջակա միջավայրի պաշտպանության ու համայնքային զարգացման երկարաժամկետ օրակարգ։

facebook sharing button facebook