
Հայաստանի էկոակտիվիստների շարքերը ընդլայնվում են։ Էկո-ակտիվիզմի ակադեմիան տվեց հերթական շրջանավարտները։ Ակադեմիան ավարտեցին 4-րդ և 5-րդ հոսքի 14 շրջանավարտներ։
Էկո-ակտիվիզմի ակադեմիայում սովորելու են գալիս մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերից, որոնց բոլորին միավորում է բնության և հայրենիքի հանդեպ ունեցած սերն ու այն պաշտպանելու ձգտումը։ 4 -րդ հոսքի շրջանավարտ Մարիամ Կիրակոսյանը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից է, ասում է՝ ակադեմիան համախոհներ գտնելու լավ հնարավորություն էր իր համար։
Վարդուհի Բարսեղյանի խոսքով՝ էկոլոգիական հարցերը էլ ավելի կարևորելուց բացի ակադեմիան մասնակիցներին դարձնում է ավելի նախաձեռնող, և որ ամենաակարևորը՝ հնարավորություն է տալիս համախմբվել մեկ գաղափարի շուրջ։
Ակադեմիայի մասնակիցներից շատերը ուսումնառության ընթացքում հասցրել են տեսական գիտելիքները կիրառել գործնականաում․ ուսումնասիրել են իրենց համայնքների խնդիրները, բարձրաձայնել դրանք։
Էկո-ակտիվիզմի ակադեման հիմնադրվել է 2024թ․ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից։ Մինչ օրս 55 շրջանավարտ է տվել, հաշվի առնելով Ակադեմիայի հանդեպ մեծ հետաքրրքությունը այն կլինի շարունակական, ասում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարանը։ Առաջիկայում արդեն Լոռու Փոքր Այրումում՝ Գրին Քեմփ էկո-գյուղական ու քաղաքացիական հասարակության զբոսաշրջության կենտրոնում Ակադեմիան կընդունի 6-րդ հոսքի մասնակիցներին։
