
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սարատովի և Էնգելսի օբյեկտներին։ Սարատովի նահանգապետի խոսքով՝ զոհվել է երկու մարդ։
Հարձակման թիրախներից մեկը դարձել է Սարատովի նավթավերամշակման գործարանը, որը գտնվում է վնասված բազմահարկ շենքից 3,5 կիլոմետր հեռավորության վրա։ Գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել։ Էնգելսում, հավանաբար, թիրախավորվել է նաև «Էնգելս-2» ռազմական աերոդրոմը․ այս մասին գրում են OSINT ալիքները՝ հղում անելով սոցցանցերի տեսանյութերի վերլուծությանը։ Տեղի բնակիչների հրապարակած կադրերում, ենթադրաբար, ֆիքսված է ավիաբազայի տարածքում տեղի ունեցած պայթյունի պահը, հայտնել է ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքը։
Կիրակի առավոտյան հարձակման է ենթարկվել նաև «Wildberries» ընկերության հերթական պահեստը՝ Սամարայի մերձակայքում գտնվող Նովոսեմեյկինո ավանում, հայտնել են ինչպես ընկերությունը, այնպես էլ Սամարայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ Պահեստում հրդեհ է բռնկվել, տուժածների մասին չի հաղորդվել։ Սա «Wildberries»-ի իններորդ պահեստն է, որը հուլիսի կեսերից ի վեր հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից։
Նյութի աղբյուրը՝ DW
