Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/8/2026
share

Համայնքային էկոակտիվիզմը՝ փակ որոշումների և հանրային մասնակցության սահմանափակման պայմաններում

Հայաստանի համայնքներում բնապահպանական պայքարը վաղուց դուրս է եկել միայն բնության պահպանության շրջանակից․ այն դարձել է նաև հանրային մասնակցության, սոցիալական արդարության և տեղական ժողովրդավարության հարց։ «Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» համաժողովի ընթացքում ակտիվիստներն ու իրավապաշտպանները ներկայացրել են անցած տարվա հիմնական մարտահրավերները, համայնքային պայքարների փորձն ու այն դասերը, որոնք կարող են ձևավորել հետագա շարժման ուղղությունները։

 

Քննարկման ընթացքում ոլորտի ներկայացուցիչներն անդրադարձան Հայաստանում համայնքային բնապահպանական պայքարների փորձին, քաղաքացիական մասնակցության մեխանիզմներին, ակտիվիստների առջև ծառացած մարտահրավերներին և համայնքային նախաձեռնությունների զարգացման հնարավորություններին։

 

Իրավապաշտպան, բնապահպան Օլեգ Դուլգարյանն ամփոփելով անցնող տարին՝ նշեց, որ 2025 թվականը էկոակտիվիզմի համար ծանր տարի էր։ «Տարբեր մարզերում իրավիճակը տարբեր է եղել։ Երբեմն քաղաքացիները ստիպված էին լինում պայքարել ինչ-որ քրեական տարրերի դեմ, որոնք մոբիլիզացվել էին։ Երբեմն քաղաքացիները ստիպված էին ուղղակի իրենց իրավունքը վաստակելու, հանրային լսումներին մասնակցելու համար պայքարել նաև ոստիկանության դեմ։ Զգալի մասում քաղաքացիների դիմակայությունը եղել է ոչ թե հենց նախաձեռնող հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչների հետ, այլ տեղական իշխանության ներկայացուցիչների հետ, որովհետև, ցավալիորեն, համայնքների զգալի մասում տեղական իշխանության ներկայացուցիչները իրենց դրել են ինչ-որ բիզնես շահեր սպասարկողի տեղը և անբացատրելի ու շատ անհիմն պնդումներով նշում են, որ իրենք այդ քայլերին գնում են համայնքի շահից ելնելով»,- ասաց Դուլգարյանը՝ ընդգծելով, որ ամենադժվարը հենց տեղական իշխանությունների դեմ պայքարն է եղել։

 

Իրավապաշտպանի խոսքով՝ քաղաքացիներին լռեցնելու համար կիրառվում են տարբեր մեխանիզմներ՝ սկսած սպառնալիքներից մինչև SLAPP դատավարություններ։ «Համայնքների զգալի մասում այն մարդիկ, ովքեր պայքարում էին, եղել են փոքրաթիվ, բայց եղել են նաև համայնքներ, որտեղ բավականաչափ լայն մոբիլիզացմամբ են հանդես եկել համայնքի բնակիչները»,- ասաց նա։

 

Դուլգարյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում Հայաստանում ձևավորվել է մի փուլ, երբ որոշումները հաճախ փորձում են ընդունել փակ գործընթացներով՝ առանց հանրային մասնակցության։ «Այսինքն՝ հասկացել են, որ քրեական տարրերով չեն կարող ժողովրդի հախից գալ, չեն կարողանում մարդկանց ստիպել լռել, չեն կարողանում համոզել ինչ-որ մեկի շահը սպասարկելուն, և որոշել են հիմա թաքուն որոշումներ առաջ տանել։ Իհարկե, այդ ավանդույթը դրվեց անցյալ տարի, բայց այս տարի մենք լավ օրինակ ունենք՝ Ստեփանավանը։ Եվ ոչ միայն Ստեփանավանը, այլ նաև այլ համայնքներ, մասնավորապես՝ Վայոց ձորում, որտեղ հանրությունն ընդհանրապես մասնակից չի եղել։ Այսինքն՝ տեղական իշխանությունները առանց քաղաքացիների գործարքի են գնում ինչ-որ ընկերության հետ, ժողովրդի փոխարեն որոշում են կայացնում, հետո էլ ավագանիով հաստատում դա»,- ասաց նա։ 

 

Իրավապաշտպանի խոսքով՝ սակայն այս մեխանիզմը ևս չի կարող երկարաժամկետ աշխատել։ «Հիմա Ստեփանավանում զանգվածային ձևաչափով ստորագրահավաքներ են իրականացվում։ Նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ Ստեփանավանում ևս կան մարդիկ, ովքեր կարող են իրենց իրավունքները պաշտպանել և պահանջատեր լինել Շրջակա միջավայրի նախարարությունից, որպեսզի այդ ոչ լեգիտիմ որոշման հետևում ինչ-որ եզրակացություն չդրվի»,- ասաց նա։

 

Չնայած առկա դժվարություններին՝ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ վերջին տարիներին ակտիվիստական համայնքը սկսել է ավելի ուժեղ զգալ փոխադարձ աջակցությունը։ «Թեպետ ծանր տարի է եղել, սակայն ակտիվիստական համայնքն ավելի շատ զգաց, որ իրենք մենակ չեն, քան նախորդ տարիներին։ Տարբեր համայնքներից մարդիկ հավաքվեցին, գնացին այլ համայնքներ՝ իրար աջակցելու և իրար կողքի կանգնելու։ Օրինակ՝ Քարաբերդում, Գինեվետում հավաքվել էին ակտիվիստներ ամբողջ Հայաստանից»,- ընդգծեց նա։

 

Համայնքի բնակիչը ոչ թե շահառու, այլ՝ լուծման հեղինակ

 

«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման համահիմնադիր Հռիփսիմե Քոչարյանը, խոսելով շարժման ռազմավարության մասին, ընդգծեց, որ համայնքների բնակիչներին անհրաժեշտ է դիտարկել ոչ թե որպես շահառուների, այլ խնդիրների լուծման հեղինակների։ «Մարդիկ շահառուի կարգավիճակից պետք է անցնեն լուծում առաջարկողների։ Հետազոտություններ անելով՝ հասկացանք, որ համայնքաբնակների մոտ կա վստահության պակաս։ Նրանք հաճախ չեն մասնակցում որոշումների կայացման գործընթացին, որովհետև չեն վստահում, չեն հավատում, որ իրենց որոշումը կարող է ազդեցիկ լինել։ Այդ իսկ պատճառով որոշեցինք փուլային սկզբունքով լուծումներ առաջարկել այս խնդրին»,- ասաց Քոչարյանը։

Նա որպես օրինակ բերեց Քարաբերդ համայնքը, որտեղ մասնակցային քննարկումների արդյունքում բացահայտվել է տնտեսական այլընտրանքային զարգացման հնարավորություն՝ հանքարդյունաբերությունից դուրս։ «Չի կարող կայուն զարգացման մասին խոսք լինել՝ առանց մասնակցային կառավարման»,- ընդգծեց նա։

ԿԽԴ համահիմնադիր Հայկ Աբրահամյանը, շարունակելով Հռիփսիմե Քոչարյանի միտքը, նշեց, որ նման մոտեցումները նաև կոտրում են այն կարծրատիպը, թե բնապահպանները միայն դեմ են հանդես գալիս որևէ ծրագրի և չունեն առաջարկներ։ «ԿԽԴ-ի տրամաբանության մեջ կարևոր է ընդգծել այն, որ մենք արդեն շատ համայնքներում սկսել ենք մասնակցային այդ գործընթացները, ինչը ցույց է տալիս, որ մենք պայքարում ենք համայնքների կայուն զարգացման, կայուն այլընտրանքների համար և ոչ թե պայքարում ենք ինչ-որ բաների դեմ»,- ասաց նա։

 

Համայնքային նախաձեռնություններից՝ պետական քաղաքականությունների առաջարկներ

 

«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման համահիմնադիր Արսեն Արսենյանը ներկայացրեց Կոտայքի մարզում իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ վերջին տարիներին ակտիվիստական համայնքը ուսումնասիրում է մարզի բնապահպանական խնդիրները։

Նրա խոսքով՝ Հրազդանում և Ծաղկաձորում առկա են անտառների, օդի աղտոտվածության և ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրներ։ «Երկու տարի առաջ, երբ մասնակցեցինք Էկոակտիվիզմի ակադեմիային, մշակեցինք Մարմարիկի արշավը, որտեղ սկսեցինք ուսումնասիրել մարզի ջրային ռեսուրսների խնդիրները և հետազոտությունների ընթացքում բախվեցինք բազմաթիվ խնդիրների»,- ասաց նա։

 

Արսենյանը նշեց, որ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված միջոցառումների համար անհրաժեշտ են պետական ավելի համապարփակ և համակարգային մոտեցումներ։ «Արշավի երկրորդ փուլում որոշեցինք ավելի հեռուն գնալ և մշակել Մարմարիկ գետի զարգացման և պահպանման քաղաքականություն։ Ստեղծեցինք թիմ, որը հեշտ ձևավորվեց, և ընթացքում հասկացանք, որ ձևավորվում է բազմամասնագիտական, շահագրգիռ թիմ։ Այս պահին քաղաքականությունը փորձում է արդեն առաջ մղվել ՏԻՄ և կառավարության մակարդակներում»,- ասաց նա։

 

Նրա խոսքով՝ այս գործընթացում ևս առկա են կառավարման խնդիրներ, քանի որ ՏԻՄ-երը հաճախ հղում են անում իրենց լիազորությունների սահմանափակությանը՝ միաժամանակ նշելով, որ ցանկանում են լուծել խնդիրը։

facebook sharing button facebook