
Հայաստանում բնապահպանական պայքարը պետք է դուրս գա բացառապես շրջակա միջավայրի պաշտպանության շրջանակից և դառնա սոցիալական արդարության, համայնքային զարգացման ու ժողովրդավարության օրակարգի մաս։ Այս ուղերձով «Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» համաժողովի ընթացքում «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժումը ներկայացրել է իր ստեղծման հիմքերն ու 2026-2027 թվականների ռազմավարական առաջնահերթությունները։
Շարժումը ստեղծվել է 2025 թվականի սեպտեմբերին: Շարժման հիմնադրմանը մասնակից են եղել Էկոակտիվիզմի Ակադեմիայի շրջանավարտներ, համայնքային ակտիվիստներ, բնապահպաններ, կանաչ տնտեսվարողներ, սոցիալական ձեռներեցներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ, գյուղացիության ներկայացուցիչներ, ֆերմերներ, արդյունաբերության ոլորտի աշխատավորներ և այլ շահագրգիռ համախոհներ: Շարժման առաքելությունն է համայնքների համախմբմամբ և քաղաքացիների կոլեկտիվ գործողություններով պաշտպանել շրջակա միջավայրը, զարգացնել տեղական ժողովրդավարությունը, խթանել սոցիալական արդարությունը և ջատագովել կանաչ քաղաքականությունների ներդնումը։
Շարժման համահիմնադիր, ռազմավարական հաղորդակցության և քաղաքացիական հասարակության զարգացման փորձագետ Հայկ Աբրահամյանի խոսքով՝ վերջին հինգ տարիներին Հայաստանում էկոակտիվիզմը տեղափոխվել է համայնքներ, որտեղ ձևավորվում են նոր քաղաքացիական նախաձեռնություններ և դիմադրության օջախներ։ Ներկայացնելով շարժման ստեղծման գաղափարախոսությունը՝ Հայկ Աբրահամյանը նշեց, որ այսօր ակտիվ քաղաքացիական պայքարի հիմնական օջախները ձևավորվում են հենց համայնքներում. «Համայնքներում՝ հողի վրա, ձևավորվում են այն ակտիվ քաղաքացիական պայքարի օջախները, որոնք մտահոգ են իրենց խնդիրներով, համայնքի ապագայով և զարգացման հեռանկարներով։ Տարբեր փորձառու բնապահպան ակտիվիստներն այսօր ավելի շատ աջակցողի դեր են ստանձնում՝ պարզապես կանգնելով տեղացի ակտիվիստների թիկունքին, երբ նրանք բախվում են որոշակի ճնշումների»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ակտիվիզմի վերելքն այսօր տեղի է ունենում հենց համայնքներում, մասնավորապես՝ գյուղական բնակավայրերում։
Նրա խոսքով՝ հենց այս իրողությունն է հիմք հանդիսացել «Կանաչ խորհուրդների դաշնության» ստեղծման համար, որի նպատակն է համախմբել Հայաստանի տարբեր համայնքներում գործող, հաճախ միմյանցից անկախ էկոակտիվիստական նախաձեռնությունները և դրանք վերածել ավելի համակարգված ու կազմակերպված շարժման։
Բնապահպանական շարժումների խորքային օրակարգը
Հայկ Աբրահամյանը հիշեցրեց, որ Հայաստանի բնապահպանական շարժումները պատմականորեն երբեք միայն շրջակա միջավայրի պաշտպանության մասին չեն եղել։ «Օրինակ՝ Մաշտոցի պուրակի պայքարը սոսկ կանաչ տարածքների պահպանության մասին չէր։ Հետ նայելով՝ մենք կտեսնենք, թե ինչպես էին ակտիվիստներն այն ժամանակ խոսում օլիգարխիկ տնտեսության խնդիրների, հանրային ունեցվածքի մասնավորեցման, քաղաքացի-պետություն հարաբերությունների, կոռուպցիայի և հաշվետվողականության մասին։ Այսինքն՝ այս խնդիրները երբեք միայն շրջակա միջավայրին վերաբերող չեն եղել։ Դրանք միշտ եղել են ավելի համակարգային և խորքային խնդիրների մասին»,- ասաց նա։
Համաժողովի ընթացքում ներկայացվեց ԿԽԴ շարժման 2026-2027 թվականների ռազմավարական օրակարգը, որի առանցքում կենսակայուն զարգացման գաղափարն է։ «Տնտեսության այն սեկտորները, որոնք առաջնահերթություն են ստանում Հայաստանում, մեծ հաշվով շատ քիչ են պարունակում ուղղություններ, որոնք կայուն զարգացմանը համահունչ են։ Դրանք ավելի շատ կենտրոնացած են կարճաժամկետ տնտեսական աճ և շահույթ ապահովելու վրա»,- նշեց Աբրահամյանը։
Շարժման ռազմավարության կարևոր ուղղություններից մեկը գյուղականության և գյուղատնտեսության պաշտպանությունն է։ «Գյուղացիները, ֆերմերները էկոակտիվիստական շարժման կարևոր մասն են։ Տարիներ շարունակ գյուղատնտեսության և գյուղականության նկատմամբ ուշադրությունը գնալով նվազել է, և վերջին շրջանում բոլորս տեսնում ենք, թե գլոբալ և տարածաշրջանային զարգացումներն ինչպիսի լուրջ համակարգային խնդիրներ են բացահայտում մեր գյուղականության և գյուղատնտեսության ոլորտներում»։
Հայկ Աբրահամյանի խոսքով՝ շարժման գործունեության առանցքային ուղղություններից է նաև սոցիալական արդարությունը։ «Հայաստանի տնտեսությունը, ցավոք, տնտեսական աճը չի կարողանում վերածել հանրային բարեկեցության։ Եթե մենք խոսում ենք տարեկան հինգից յոթ տոկոս տնտեսական աճի մասին, միևնույն ժամանակ նկատում ենք, որ աղքատությունը շարունակում է մնալ նույն մակարդակում, ծայրահեղ աղքատությունը՝ նույնպես։ Ուստի տնտեսական քաղաքականությունը, որը մենք տեսնում ենք բոլոր իշխող ուժերի օրոք, ամենևին սոցիալական չէ։ Մեզ համար կարևոր է, որ Հայաստանը վերանայի, թե ինչպես ենք վերաբաշխում այստեղ գեներացվող տնտեսական հարստությունն ու օգուտը՝ ավելի սոցիալապես արդար տարբերակով»,- ասաց նա:
Աբրահամյանն ընդգծեց նաև հասարակության տարբեր խմբերի սոցիալական և առողջապահական պաշտպանվածության, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորությունը։ «Մենք դա տեսնում ենք հատկապես արդյունաբերության և ծառայությունների մատուցման ոլորտներում՝ աշխատողների աշխատանքային իրավունքների համակարգային խախտումների, արհմիությունների անարդյունավետության և այլ խնդիրների տեսքով»,- ասաց նա:
Շարժման ռազմավարության մյուս կարևոր ուղղությունը ապակենտրոնացումն է։ Ըստ Հայկ Աբրահամյանի՝ համայնքների խոշորացման և տեղական ժողովրդավարության որոշ գործիքների ներդրման պայմաններում քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացմանը շարունակում է մնալ սահմանափակ, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները՝ թույլ։ Նա անդրադարձավ նաև տարածքային անհամաչափ զարգացման խնդրին՝ նշելով, որ քաղաքացիները հաճախ ստիպված են իրենց համայնքային խնդիրները բարձրաձայնելու համար դիմել կենտրոնական իշխանություններին։
Վերջին կարևոր ռազմավարական ուղղությունը դիմակայունությունն է։ Շարժումը նպատակ ունի ընդլայնել հանրային ընկալումն այն մասին, թե ինչ է նշանակում անվտանգություն՝ այն դիտարկելով ոչ միայն ռազմական, այլև պարենային, էներգետիկ, սոցիալական և շրջակա միջավայրի անվտանգության համատեքստում։ Շարժման հիմնադիրների համոզմամբ՝ Հայաստանի համայնքներում ձևավորվող նոր էկոակտիվիստական ալիքը փորձում է վերաիմաստավորել բնապահպանական պայքարի սահմանները՝ այն կապելով սոցիալական արդարության, տնտեսական հավասարության, գյուղականության պահպանման և տեղական ժողովրդավարության հետ։
Շարժման ներկայացուցիչների համոզմամբ՝ համայնքային էկոակտիվիզմի հաջորդ փուլը պետք է հիմնված լինի ոչ միայն առանձին պայքարների, այլև երկարաժամկետ տեսլականի, համատեղ գործողությունների և կայուն զարգացման այլընտրանքների վրա, որտեղ համայնքների բնակիչները հանդես են գալիս ոչ թե որպես փոփոխությունների դիտորդներ, այլ՝ դրանց նախաձեռնողներն ու համահեղինակները։
