
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Պ.-ն իր ազգական Հ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ մեկնել են «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների առուվաճառքով զբաղվող օգտատիրոջ կողմից մատնանշված վայր և թաքստոցից վերցրել 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն ավարտել հանցագործության կատարումը, քանի որ ձերբակալվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից:
«Նախաքննության ընթացքում Ս.Պ.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, էլեկտրոնային կշեռքներ, ինքնասոսնձվող ժապավեններ և պոլիէթիլենային փաթեթներ, որոնք առգրավվել են:
Ս.Պ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), իսկ Հ.Պ.-ի նկատմամբ՝ 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը)։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։
