Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
31/7/2026
share

Լռության գինը․ պետությունը առաջարկում է խստացնել պատիժները, անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունն ու լռությունը քրեականացնել. նոր նախագիծ

Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերը հաճախ մնում են չբացահայտված կամ չեն ստանում համարժեք իրավական արձագանք, հատկապես այն իրավիճակներում, երբ հնարավոր հանցագործությունը կատարող անձը երեխայի և/կամ նրա ընտանիքի վստահությունը վայելող, նրա խնամքի, կրթության կամ բուժման գործընթացում ներգրավված մարդ է։ Գործող իրավական կարգավորումների բացերը և նման դեպքերի արդյունավետ կանխարգելման ու հաղորդման մեխանիզմների անհրաժեշտությունը դարձել են նոր օրենսդրական նախաձեռնության հիմք։ Արդարադատության նախարարությունը մշակել և e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծ, որով առաջարկվում է խստացնել երեխայի նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների համար պատասխանատվությունը և սահմանել լրացուցիչ երաշխիքներ նման դեպքերի մասին իրավասու մարմիններին տեղեկացնելու համար։

Համակարգային այս փոփոխության հիմնական շարժիչ ուժը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) «Ա.Պ-ն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած աղմկահարույց վճիռն է։ Ստրասբուրգի դատարանը փաստել էր, որ հայաստանյան իրավական մեխանիզմներն ու պրակտիկան ձախողում են երեխաների պաշտպանությունը. ահազանգերը քննվում են դանդաղ, իսկ օրենքը լիարժեք գործիքակազմ չի տալիս վստահության դիրքը չարաշահած անձանց պատժելու համար։

Միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաները սեռական բռնության են ենթարկվում ոչ թե «անծանոթ չարագործների», այլ հենց իրենց ծանոթ ու վստահելի մարդկանց կողմից։ Եվրոպայի խորհրդի Լանզարոտեի կոմիտեն այդ «վստահության շրջանակում» ներառում է ուսուցիչներին, բուժաշխատողներին, խնամակալներին, հարևաններին ու ընտանիքի մտերիմներին։

Գործող Քրեական օրենսգիրքը հաշվի չէր առնում այն հանգամանքը, թե ինչ հարաբերությունների մեջ են գտնվում հանցագործն ու երեխան։ Նոր նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 198–202-րդ հոդվածներում (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, հարկադրանք, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն, անառակաբարո արարքներ, գրումինգ) սահմանել խստացված պատասխանատվություն։

Պատիժն էապես ավելի ծանր է լինելու, եթե արարքը կատարվել է ծնողի, տատի կամ պապի, դպրոցի, մանկապարտեզի, մանկատան, բժշկական կամ սոցիալական հաստատության աշխատակցի, ինչպես նաև այն անձի կողմից, ում անչափահասը վստահել է՝ ելնելով նրա կարգավիճակից կամ փոխհարաբերություններից։ Ավելին, 202-րդ հոդվածում ավելացվել է առանձին դրույթ․ եթե նշված անձինք անչափահասին առաջարկում են սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ (գրումինգ), նրանց սպառնում է 2-ից 5 տարվա ազատազրկում։

Նախագծի մեկ այլ առանցքային նորամուծություն վերաբերում է «աչք փակելու» պրակտիկային։ Մինչ այժմ օրենքը քրեական պատասխանատվություն էր նախատեսում միայն սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մասին չհայտնելու համար։ Եթե, օրինակ, ուսուցիչը կամ դպրոցի աշխատակիցը տեղյակ էր լինում անառակաբարո արարքների կամ գրումինգի մասին և լռում, նա իրավական պատասխանատվություն չէր կրում։

Առաջարկվող փոփոխություններով քրեականացվում է անչափահասի դեմ ուղղված ցանկացած սեռական հանցագործության մասին չհայտնելը։ Այն անձինք, որոնց հաստատապես հայտնի է նման նախապատրաստվող, ընթացող կամ ավարտված հանցագործության մասին, բայց չեն տեղեկացնում իրավապահներին, կպատժվեն տուգանքով, մինչև 200 ժամ հանրային աշխատանքներով, մինչև 2 տարի ազատության սահմանափակմամբ կամ մինչև 2 ամիս կարճաժամկետ ազատազրկմամբ։

Այս լրացումը նպատակ ունի ստիպել կրթական ու բժշկական հաստատությունների աշխատակիցներին չհանդիսանալ լռող կողմ և առաջին իսկ կասկածի դեպքում ահազանգել իրավապահ մարմիններին։

facebook sharing button facebook