
Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ զորքեր կմտցնեն Սեուտա քաղաք՝ Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական էքսկլավ, որը սահմանակից է Մարոկկոյին, միգրացիոն ճգնաժամի ֆոնին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով:
Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում քաղաք է ներխուժել շուրջ երկու հազար անօրինական միգրանտ. հիմնականում նրանք Մարոկկոյի հետ սահմանը հատում են լողալով, ոմանք էլ ճեղքում են անցակետերը ցամաքային սահմանին:
Վերջին օրերին միգրանտների հոսքը կտրուկ ուժեղացել է, իշխանություններն արձանագրում են օրական մինչև 300 սահմանախախտում, Սեուտայի քաղաքապետ Խուան Խեսուս Վիվասը հայտարարել է «հումանիտար և սոցիալական արտակարգ իրավիճակի» մասին:
Սեուտան Հյուսիսային Աֆրիկայում Իսպանիայի երկու էքսկլավներից մեկն է (Մելիլիայի հետ միասին): Դրանք Աֆրիկայի հետ Եվրամիության արտաքին սահմանի միակ ցամաքային հատվածներն են։ Սեուտայի բնակչությունը կազմում է 85 հազար մարդ։
2021 թվականին Սեուտայում արդեն իսկ լուրջ միգրացիոն ճգնաժամ էր եղել, երբ մի քանի օրվա ընթացքում քաղաք էր ներխուժել մինչև տասը հազար միգրանտ:
