Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
31/7/2026
share

Բնապահպանական պայքարից մինչև համայնքային դիմակայունություն․ Երևանում քննարկվել է Հայաստանի էկոակտիվիզմի ապագան

Հայաստանում համայնքային բնապահպանական շարժումների զարգացումը, էկոակտիվիստների ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև ռազմավարական դատական հայցերի (SLAPP) ազդեցությունը քաղաքացիական ակտիվիզմի և լրագրողական գործունեության վրա դարձան «Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» համաժողովի առանցքային թեմաները, որը տեղի ունեցավ Երևանում՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

Համաժողովը համախմբել էր համայնքային ակտիվիստների, բնապահպանների, իրավապաշտպանների, լրագրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային գործընկերների: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը և Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։

 

 

 

 

 

 

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից 2024-2026 թվականներին Հայաստանում էկոակտիվիզմի և համայնքային ակտիվիզմի զարգացմանն ուղղված գործունեության արդյունքները: ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ Հայաստանում էկոակտիվիզմի զարգացման հարցում առանցքային նշանակություն ունեն մարդկանց իրազեկվածության բարձրացումը և տեղական ակտիվիստների կարողությունների զարգացումը։ Այս համատեքստում Դուլգարյանը հատկապես առանձնացրեց ՀԿ-ի կողմից 2024 թվականին հիմնադրված «Էկոակտիվիզմի ակադեմիան», որի շրջանակում իրականացվել են կրթական և գործնական ծրագրեր՝ մասնակիցների կարողություններն ու գործնական փորձը զարգացնելու, համայնքներում սոցիալ-բնապահպանական խնդիրների լուծմանը նպաստելու, սոցիալական արդարությունն ամրապնդելու և կայուն զարգացմանը աջակցելու նպատակով։

Ակադեմիայի առաջնահերթ նպատակներից է ակտիվիստներին սովորեցնել և աջակցել կազմակերպելու արդյունավետ հանրային արշավներ՝ ուղղված սոցիալ-բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը և համայնքների առողջ զարգացմանը։ Միաժամանակ այն նպատակ ունի ձևավորել համախոհների ակտիվ ցանց՝ հիմնված համընդհանուր արժեքների, փոխադարձ վստահության և համատեղ գործելու պատրաստակամության վրա։

 

 

Միջոցառման կարևորագույն իրադարձություններից էր Էկոակտիվիզմի ակադեմիայի շրջանավարտների և համայնքային ակտիվիստների նախաձեռնությամբ  2025 թվականի սեպտեմբերին ստեղծված «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման պաշտոնական ներկայացումը։ Շարժման առաքելությունն է համայնքների համախմբմամբ և քաղաքացիների կոլեկտիվ գործողություններով պաշտպանել շրջակա միջավայրը, զարգացնել տեղական ժողովրդավարությունը, խթանել սոցիալական արդարությունը և ջատագովել կանաչ քաղաքականությունների ներդնումը։ Շարժման հիմնադրմանը մասնակից են եղել Էկոակտիվիզմի Ակադեմիայի շրջանավարտներ, համայնքային ակտիվիստներ, բնապահպաններ, կանաչ տնտեսվարողներ, սոցիալական ձեռներեցներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ, գյուղացիության ներկայացուցիչներ, ֆերմերներ, արդյունաբերության ոլորտի աշխատավորներ և այլ շահագրգիռ համախոհներ:

Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ԿԽԴ շարժման հիմնարար սկզբունքները, ընդունված Հռչակագիրը, գործունեության առաջնահերթությունները և 2026-2027 թվականների ռազմավարական ուղղությունները։

Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ այս ժամանակահատվածում արդեն ձևավորվել է համախոհների կայուն ցանց, որի անդամներից շատերը տևական ժամանակ է՝ բնապահպանական ակտիվ պայքար են մղում իրենց համայնքներում։ Նրանց ակտիվիստական գործունեության խորհրդանշական ամփոփումը դարձավ համաժողովի շրջանակում անցկացված «Էկոակտիվիզմ-2025» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում արժևորվեցին համայնքային և բնապահպանական ակտիվիզմում նշանակալի ներդրում ունեցած բնապահպանները: Այդպիսով՝ «Համայնքի և բնության պաշտպան» վկայակոչմանն արժանացավ բնապահպան Շավարշ Մարգարյանը Քաջարան համայնքում աշխատավորների իրավունքները պաշտպանելու, նրանց խնդիրները բարձրաձայնելու ուղղությամբ համառ պայքարի և հետևողականության համար: Նույն վկայակոչմանն  արժանացավ նաև բնապահպան Արփինե Խաչատրյանը Արարատի մարզում Կարմիր սարի էկոհամակարգի, կենսաբազմազանության և լանդշաֆտների պաշտպանության ուղղությամբ իրականացրած հետևողական պայքարի համար: Գյուղատնտես Հայկ Իսախանյանը նույնպես արժանացավ «Համայնքի և բնության պաշտպան» վկայակոչմանը Վայոց ձորի մարզում գյուղական տարածքների էկոհամակարգի պահպանման ուղղությամբ իրականացրած անզիջում պայքարի համար:



Մրցանակաբաշխության ընթացքում ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը կարևորեց համայնքային բնապահպանների հետևողական աշխատանքն ու նրանց ներդրումը սոցիալ-էկոլոգիական իրավունքների պաշտպանության գործում։ «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման համահիմնադիրներից Հայկ Աբրահամյանն էլ ընդգծեց, որ մրցանակակիրների գործունեությունը խորհրդանշում է հենց այն արժեքներն ու առաջնահերթությունները, որոնք որդեգրել է շարժումը՝ գյուղականության պաշտպանություն, սոցիալական արդարություն, համայնքների զարգացում և էկոհամակարգերի անձեռնմխելիության պահպանում։ 

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև «Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» ամփոփիչ վավերագրական ֆիլմը, որն անդրադառնում է Հայաստանի տարբեր համայնքներում ձևավորված էկոակտիվիստական շարժումների փորձին և դրանց ազդեցությանը։

Համաժողովի ծրագրի կարևոր բաղադրիչը թեմատիկ պանելային քննարկումներն էին, որոնց ընթացքում մասնակիցները քննարկեցին համայնքային բնապահպանական պայքարների փորձը, սոցիալական արդարության և տեղական ժողովրդավարության մարտահրավերները, նորաստեղծ «Կանաչ խորհուրդների դաշնություն» շարժման ռազմավարական տեսլականը, ինչպես նաև ռազմավարական դատական հայցերի (SLAPP) ազդեցությունը հանրային մասնակցության, քաղաքացիական ակտիվիզմի և լրագրողական գործունեության վրա։ Քննարկումներին մասնակցում էին համայնքային ակտիվիստներ, բնապահպաններ, իրավապաշտպաններ, լրագրողներ և իրավաբաններ՝ ներկայացնելով իրենց փորձը, առկա խնդիրները և ոլորտի զարգացման հնարավոր ուղիները։ 

Համաժողովի նպատակն էր ամփոփել վերջին տարիներին համայնքային էկոակտիվիզմի զարգացման ընթացքը, տեսանելի դարձնել Հայաստանի տարբեր համայնքներում ձևավորված բնապահպանական նախաձեռնությունները, խթանել փորձի փոխանակումն ու համագործակցությունը և ձևավորել ոլորտի զարգացման երկարաժամկետ օրակարգ։

Մասնակիցների համոզմամբ՝ Հայաստանի համայնքներում ձևավորվող նոր էկոակտիվիստական ալիքը հիմնված է ոչ միայն առանձին պայքարների, այլև երկարաժամկետ համագործակցության, հանրային մասնակցության և կայուն զարգացման այլընտրանքների վրա, որտեղ համայնքների բնակիչները հանդես են գալիս ոչ թե որպես փոփոխությունների դիտորդներ, այլ՝ դրանց նախաձեռնողներն ու համահեղինակները։

facebook sharing button facebook