Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
30/7/2026
share

Ձկնաբուծարաններին 450 մլն դրամի աջակցություն՝ ՌԴ-ի սահմանափակումների ֆոնին

Կառավարությունը 450 միլիոն դրամ կհատկացնի Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծարաններին՝ ռուսական շուկայում ձկան և ձկնամթերքի արտահանման խոչընդոտների ու իրացման դժվարությունների հետևանքով։ Աջակցություն կտրամադրվի 135 ձկնարդյունաբերողի։

 

Պետությունը 450 մլն դրամ կհատկացնի Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծարաններին։ Որոշումը հաստատվել է կառավարության հուլիսի 30-ի նիստում։ Աջակցություն կտրամադրվի 135 ձկնարդյունաբերողի։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Ռուսաստանի Դաշնություն ձկան և ձկնամթերքի արտահանման ոլորտում առաջացած խոչընդոտներն ու իրացման դժվարությունները Հայաստանի կառավարությանը ստիպել են պետական աջակցության նոր միջոցառում մշակել։

Ըստ նախագծի՝ Հայաստանում տարեկան արտադրվում է շուրջ 24 հազար տոննա ապրանքային ձուկ, որից 16 հազար տոննան սաղմոնազգի է, իսկ 8 հազար տոննան՝ թառափազգի։ Արտադրության գերակշիռ մասը կենտրոնացված է Արարատի և Արմավիրի մարզերում, իսկ տարեկան արտադրանքի ավելի քան 40 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։

Այս խնդիրները մեղմելու նպատակով առաջարկվում է աջակցություն տրամադրել ձկնաբուծարաններին՝ փոխհատուցելով 2026 թվականի առաջին կիսամյակում ձեռք բերված ձկան կերի միջին ամսական արժեքի 20 տոկոսը։

Ըստ նախագծի հաշվարկների՝ 1 կգ ձկան արտադրության համար միջինում ծախսվում է 1,25 կգ կեր, իսկ հանրապետությունում տարեկան օգտագործվում է շուրջ 30 հազար տոննա ձկան կեր։ Կերի 1 կիլոգրամի միջին արժեքը կազմում է շուրջ 900 դրամ, ինչը նշանակում է, որ տարեկան կերի ձեռքբերման ծախսը հասնում է 27 մլրդ դրամի կամ ամսական շուրջ 2,25 մլրդ դրամի։ Մեկ ամսվա կտրվածքով կերի արժեքի 20 տոկոսի սուբսիդավորումը պետական բյուջեից կպահանջի շուրջ 450 մլն դրամ։

Նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ոլորտում առկա խնդիրների մասին։

«Ձկնաբուծական ոլորտի հետ կապված՝ ես ասեմ. ես խնդրել էի ՊԵԿ-ին, ինձ հետաքրքիր էր, օրինակ, ոլորտն ինչքան հարկ է գեներացնում, և պարզեցի, որ ձկան արդյունաբերության տարեկան հարկերը 2,5-ից 3 մլրդ դրամի շրջանակում են։ Իսկ եթե հետհայացք նայենք, թե այս ընթացքում ինչ է տեղի ունեցել անգին մի ռեսուրսի՝ արտեզյան ջրավազանի հետ, և մի կշեռքի նժարին դնենք սա, մյուս նժարին դնենք նա, մի սարսափելի պատկեր կստանանք, թե ինչպես ենք մենք մեզ հյուծում, ինչպես ենք մենք մեզ սպառում»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ աջակցության ծրագրերին զուգահեռ պետք է հասկանալ նաև ոլորտի գործունեության ստվերային կողմը։

«Ինչո՞ւ է տարեկան հարկային եկամուտը 2,5-ից 3 մլրդ դրամ, ինչո՞ւ։ Այս հարցին պետք է պատասխան ստանանք։ Սա ի՞նչ տնտեսության հսկայական ճյուղ է, որ երբեմն ամբողջ կառավարությունը, ամբողջ Ազգային ժողովը, բոլորը, ամբողջ մամուլը քննարկում են, բայց դրա հարկային արժեքը տարեկան 2-3 մլրդ դրամ է։ Այստեղ ահավոր մեծ ստվեր կա, մենք ստվերի հետևից պետք է գնանք»,- նշեց Փաշինյանը։

facebook sharing button facebook