Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
30/7/2026
share

ՄԻՊ-ն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ՝ ահազանգի հետքերով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ: ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ՝ այցի ընթացքում հատուկ ուսումնասիրության առարկա են դարձել սոցիալական հարթակներում տարածված ժամկետային զինծառայող Ա. Հ.-ի իրավունքներին առնչվող հարցերը:

 

«Պաշտպան Անահիտ Մանասյանը բժիշկ-հոգեբույժի մասնակցությամբ խորհրդապահական առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, լսել զինծառայողին մտահոգող խնդիրները։ Ուսումնասիրվել են նաև բժշկական փաստաթղթերը։ Նշված զինծառայողին առնչվող բոլոր հարցերն այս պահին էլ հասցեավորվում են ըստ իրավասության: Այս հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո հրապարակման ենթակա տեղեկությունների առնչությամբ ՄԻՊ հաստատությունը հանդես կգա լրացուցիչ»,- ասվում է հաղորդագրությունում:

Հուլիսի 28-ին տեղեկություններ էին տարածվել, որ դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող Ա․Հ-ն։ Նշվում էր, որ նրա վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել Կանազի հոսպիտալ։ Ավելի ուշ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով:

facebook sharing button facebook