Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/7/2026
share

Ավելի բարձր արտադրողականությամբ աշխատատեղերն առանցքային են Հայաստանում աղքատության նվազեցման համար․ ՀԲ խմբի զեկույցը

Ավելի շատ աշխատատեղերի ստեղծումը, արտադրողականության բարձրացումը և հարկաբյուջետային քաղաքականության հասցեական գործիքների կիրառումն առանցքային են Հայաստանում աղքատության նվազեցման և տնտեսական դիմակայունության բարձրացման համար՝ ըստ այսօր լույս տեսած՝ Համաշխարհային բանկի խմբի նոր զեկույցի։

«Հայաստանի տնտեսական զարկերակը. ձգտելով աղքատությունը նվազեցնող աճի՝ավելի ներգործուն հարկաբյուջետային քաղաքականությամբ» զեկույցի (Armenia's Economic Pulse: Pursuing Poverty-Reducing Growth with More Impactful Fiscal Policy) եզրահանգմամբ՝ չնայած տնտեսական աճի և աղքատության նվազեցման ուղղությամբ Հայաստանի նշանակալի առաջընթացինմեկ ցնցումը բավարար էոր բազմաթիվ ընտանիքներ կրկին հայտնվեն աղքատության մեջ։ Աղքատությունը նվազել է՝ 2024 թվականին կազմելով 21.7 տոկոս, սակայն Հայաստանի երեք բնակչից մոտավորապես երկուսն աղքատ կամ խոցելի է։ Որպեսզի ապահովվի, որ տնտեսական աճը շարունակի բարելավել մարդկանց կյանքը, անհրաժեշտ էոր Հայաստանում սոցիալական պաշտպանությունն ուժեղացվի և ավելի ֆորմալ և որակյալ աշխատատեղեր ստեղծվեն։

«Հայաստանը կարևոր առաջընթաց է գրանցել աղքատության նվազեցման ուղղությամբ, սակայն այդ ձեռքբերումների պահպանման համար անհրաժեշտ են ավելի լավ աշխատատեղեր և ավելի արդյունավետ սոցիալական պաշտպանություն», - ասում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։ «Առաջիկայում, ավելի արդյունավետ և ֆորմալ զբաղվածությունը խթանող քաղաքականությունների բացահայտումը կարևոր առաջնահերթություն կլինի աղքատության նվազեցման և համընդհանուր բարեկեցության պահպանմանն օգնելու համար»։

Կիսամյակային զեկույցը կազմված է երկու մասից՝ վերջին մակրոտնտեսական զարգացումների և հեռանկարի գնահատումից և հատուկ թեմայի նվիրված գլխից, որն այս թողարկման համար ուսումնասիրում է, թե ինչպես են հարկաբյուջետային քաղաքականության և աշխատաշուկայի արդունքներն ազդում Հայաստանում աղքատության ու անհավասարության վրա։

Հատուկ թեմային նվիրված գլխում բացահայտվում է, որ աղքատությունը կենտրոնացած է գյուղերում և այնպիսի մարզերում, ինպիսիք են՝ Շիրակը, Տավուշը և Արմավիրը և սերտ կապված է ցածր արտադրողականությամբ գյուղատնտեսական զբաղվածության, ինքնազբաղվածության և ոչ ֆորմալ աշխատանքի հետ։ Չնայած գյուղատնտեսությանը բաժին է ընկնում ընդհանուր զբաղվածության մոտավորապես մեկ քառորդը, այն կազմում է զբաղված բոլոր աղքատ աշխատողների մեկ երրորդը՝ ցույց տալով գյուղատնտեսության ոլորտում աշխատող աղքատների անհամաչափ կենտրոնացումը և մարդկանց աղքատությունից պաշտպանելու համար բավարար եկամուտ ապահովող՝ բավականաչափ արտադրողական աշխատանք ունենալու կարևորությունը։

Ֆորմալ աշխատատեղերը կարևոր են ոչ թե սոսկ այսօրվա եկամուտների, այլև վաղվա կենսաթոշակային ապահովության համար։ Ժամանակի ընթացքում, երբ կենսաթոշակներն ավելի ուղղակի կախվածություն ունենան մարդկանց վաստակից և աշխատանքային կյանքի ընթացքում կատարած վճարումներից, երկարաժամկետ կայունության համար պահանջվելու է ավելի մեծ թվով մարդկանց մասնակցությունը ֆորմալ զբաղվածությանը և վճարումների կատարումը կենսաթոշակային համակարգին։ Ներկայումս աշխատունակ տարիքի բնակչության մոտավորապես 40 տոկոսն է միայն վճարում կենսաթոշակային համակարգին։

Զեկույցով առաջարկվում է հզորացնել ինչպես աշխատանքի հնարավորությունները, այնպես էլ սոցիալական պաշտպանությունը։ Երկարաժամկետ հեռանկարում հմտություններին ուղղված ներդրումների միջոցով ավելի ֆորմալ և արտադրողական աշխատատեղերի ստեղծումը կարևոր կլինի աղքատության կայուն նվազեցման համար։ Միևնույն ժամանակ, սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացումը և կենսաթոշակային համակարգի հզորացումը կօգնեն պաշտպանել խոցելի տնային տնտեսություններին։

facebook sharing button facebook