Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/7/2026
share

Վրաստանում Իվանիշվիլիին վիրավորող պաստառների պատճառով ձերբակալվել են ցուցարարներ

Վրաստանի ոստիկանությունը հուլիսի 26-ին Թբիլիսիի կենտրոնում ձերբակալել է տասը ցուցարարի, որոնց մեծ մասը պահում էր «Բիձինան հիմա՞ր է» գրությամբ պաստառներ՝ ակնարկելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին։

Սկզբում ոստիկանությունը ձերբակալել էր հակակառավարական ակտիվիստ Թորնիկե Թոշխուային, որը Ազատության հրապարակում՝ Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքի դիմաց, կանգնած էր այդ գրությամբ պաստառով։

Ավելի ուշ դեպքի վայր էին ժամանել այլ ցուցարարներ, որոնք ի նշան համերաշխության վերցրել էին նույն պաստառները, ինչից հետո նրանք նույնպես ձերբակալվել էին։

Ներքին գործերի նախարարությունը կարճ հայտարարության մեջ նշել է, որ ձերբակալվածները «պահում էին վիրավորական բովանդակությամբ պաստառներ», «հնչեցնում էին վիրավորական արտահայտություններ, խախտում հասարակական կարգը և չենթարկվում իրավապահների օրինական պահանջներին»։

Բոլորի նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ՝ մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջին չհնազանդվելու հոդվածներով։

Ձերբակալվածներից մի քանիսը նախկինում նույնպես եղել են ազատազրկման մեջ։

Թոշխուան ավելի քան ինը ամիս անցկացրել էր բանտում, երբ 2025-ի օգոստոսին մեկ այլ ցուցարարի՝ Մինդիա Շերվաշիձեի հետ, քրեական մեղադրանք էր առաջադրվել «Վրացական երազանքի» կողմնակցի վրա հարձակվելու համար։ Երկուսն էլ հերքում են մեղադրանքը։

Վրաստանում ոստիկանությունը վաղուց մարդկանց ձերբակալում է բողոքի պաստառների պատճառով։

Ամենահայտնի դեպքերից մեկը տեղի էր ունեցել 2023-ի հունիսին, երբ խորհրդարանի շենքի մոտ մի քանի հակակառավարական ցուցարարներ ձերբակալվել էին «վիրավորական» պաստառների պատճառով, իսկ նրանցից մի քանիսը՝ պարզապես դատարկ թղթեր պահելու համար։

Կիրակնօրյա դեպքին նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել նաև 2015-ին՝ Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքի դիմաց։

Այդ ժամանակ յոթ ցուցարար էր ձերբակալվել Իվանիշվիլիի աջակցությունը վայելող վիճահարույց Panorama Tbilisi նախագծի դեմ ուղղված պաստառների համար, որոնցում նույնպես օգտագործված էր նույն վիրավորական բառը։ Սկզբում ոստիկանությունը ձերբակալել էր մեկ ցուցարարի, այնուհետև՝ համերաշխության նշանով նույն պաստառները բարձրացրած մյուսներին։

2022-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշել էր, որ 2015-ի այդ ձերբակալումները խախտել են ցուցարարների խաղաղ հավաքների և միավորման ազատության իրավունքը։

Պետական և քաղաքական պաշտոնյաներին հասցեագրված վիրավորական արտահայտությունների համար պատիժները Վրաստանում զգալիորեն հաճախակի դարձան 2025-ից, երբ իշխող կուսակցությունն ու նրա դաշնակիցները օրենք ընդունեցին, որով արգելվեց պետական և քաղաքական պաշտոնյաներին վիրավորելը։

Այս գործելակերպն էլ ավելի ընդլայնվեց 2026-ի հունիսից հետո, երբ Ներքին գործերի նախարարությունում ստեղծվեց նոր ստորաբաժանում, որի պաշտոնական նպատակն ատելության խոսքի դեմ պայքարն է, սակայն քննադատների կարծիքով՝ այն ստեղծվել է գրաքննությունն ուժեղացնելու համար։

Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում դատարանը 14 օր վարչական կալանքի է դատապարտել ընդդիմադիր հայացքներով հայտնի Formula TV-ի լրագրող Վախո Սանայային, իսկ դրանից հետո՝ ակտիվիստ Գիորգի Ախոբաձեին, որը դատապարտվել է 25 օր վարչական կալանքի։ Երկուսն էլ պատժվել են հրապարակային խոսքում օգտագործած արտահայտությունների համար. OC media

facebook sharing button facebook