Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/7/2026
share

Բաբ էլ-Մանդեբի հնարավոր փակումը հատկապես ռիսկային է Եվրոպայի համար

Կարմիր ծովը և Բաբ էլ-Մանդեբի նեղուցը արագորեն վերածվում են համաշխարհային էներգետիկ անվտանգության նոր առանցքային ռիսկի՝ Հորմուզի նեղուցից հետո։ Այս մասին գրում է ֆրանսիական Petrostrategies ընկերության World Energy Weekly հանդեսն իր հուլիսի 27-ի համարում։

Հոդվածի համաձայն՝ Եմենի հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ այցելող նավերի նկատմամբ և հուլիսի 22-ին երկու սաուդական նավթատարների վրա իրականացված հարձակումը ցույց տվեցին, որ Բաբ էլ-Մանդեբն այլևս երկրորդական նշանակության նեղուց չէ, այլ դարձել է համաշխարհային նավթի մատակարարումների կարևորագույն խոցելի կետերից մեկը։

Հորմուզի նեղուցում տարվա սկզբին առաջացած ճգնաժամից հետո Սաուդյան Արաբիան զգալիորեն մեծացրել է իր Արևելք-Արևմուտք նավթատարի օգտագործումը՝ նավթը Կարմիր ծովի Յանբու արտահանման տերմինալ հասցնելու համար։ Ըստ հանդեսի՝ այդ խողովակաշարով այժմ օրական մինչև 7 մլն բարել նավթ է տեղափոխվում, որից մոտ 5 մլն բարելը, ուղղվելով ասիական շուկաներ, անցնում է հենց Բաբ էլ-Մանդեբով։ Այդ պատճառով հութիների թիրախում է հայտնվել Հորմուզը շրջանցելու համար ստեղծված գլխավոր այլընտրանքային ուղին։

2025-ին Բաբ էլ-Մանդեբով օրական միջինը անցել է 6.7 մլն բարել նավթ և նավթամթերք, ինչը կազմում է համաշխարհային ծովային նավթային առևտրի գրեթե 9%-ը։ Նեղուցով անցնում է նաև համաշխարհային ծովային առևտրի 10-12%-ը։ Եթե երկար ժամանակ այն դառնա անանցանելի կամ չափազանց վտանգավոր, նավերը ստիպված կլինեն շրջանցել Աֆրիկայի հարավով՝ Բարեհուսո հրվանդանով, ինչը կերկարացնի երթուղիները, կբարձրացնի փոխադրման ծախսերը և կհանգեցնի բեռնափոխադրումների սակագների աճի։

Հորմուզն ու Բաբ էլ-Մանդեբը, ըստ հոդվածի, տարբեր բնույթի ռիսկեր են ներկայացնում։ Եթե Հորմուզը տեսականորեն կարող է փակվել ռազմական գործողությունների հետևանքով, ապա Բաբ էլ-Մանդեբում հութիների ռազմավարությունը հիմնված է ոչ թե նեղուցը լիովին փակելու, այլ նավարկությունը այնքան վտանգավոր դարձնելու վրա, որ նավատերերն ու ապահովագրական ընկերությունները նախընտրեն փոխել երթուղիները։

World Energy Weekly-ի գնահատմամբ՝ այս զարգացումները հատկապես զգայուն են Եվրոպայի համար, որը ռուսական ածխաջրածիններից կախվածությունը նվազեցնելուց հետո ավելի մեծ չափով ապավինում է Մերձավոր Արևելքից, ԱՄՆ-ից և Աֆրիկայից ներկրվող նավթին ու հեղուկացված բնական գազին։ Մատակարարումները կարող են շարունակվել նաև Աֆրիկան շրջանցող երթուղով, սակայն ավելի բարձր ծախսերով և ավելի երկար ժամկետներով։

Հոդվածում նշվում է, որ մինչ այժմ Հորմուզն ու Բաբ էլ-Մանդեբը դիտարկվում էին որպես առանձին աշխարհաքաղաքական ռիսկեր, սակայն այժմ դրանք դարձել են փոխկապակցված։ Եթե նախկինում մեկ նեղուցի խնդիրները հնարավոր էր մեղմել մյուսի միջոցով, ապա այսօր հութիները նպատակաուղղված փորձում են չեզոքացնել Հորմուզը շրջանցող հիմնական այլընտրանքային ուղին։ Արդյունքում, Բաբ էլ-Մանդեբը Հորմուզի «կրտսեր եղբայրը» չէ, այլ համաշխարհային տնտեսության համար երկրորդ կարևորագույն էներգետիկ «խցանման կետը»։

facebook sharing button facebook