
2026թ. առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունը շարունակել է աճել, թեև առանձին ճյուղերում արձանագրվել են որոշակի անկումներ։
Վիճակագրական կոմիտեի օպերատիվ տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,9%-ով, իսկ միայն հունիսին, 2025-ի հունիսի համեմատ, այն կազմել է 7,7%:
Տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժերից է շարունակում մնալ շինարարության ոլորտը, որտեղ կիսամյակային կտրվածքով գրանցվել է 24,5%-ի, իսկ հունիսին՝ 25,4%-ի աճ։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն առաջին վեց ամիսներին ավելացել է 10,8%-ով, ընդ որում, հունիսյան աճը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ կազմել է 4%։
Ծառայությունների ոլորտում (առանց առևտրի) նույնպես նկատվում է դրական դինամիկա. հունվար-հունիսին այս ճյուղն արձանագրել է 11%, իսկ հունիսին՝ 19,7% աճ։ Միևնույն ժամանակ, առևտրի շրջանառությունն առաջին կիսամյակում ավելացել է ընդամենը 0,9%-ով, իսկ հունիսին, 2025-ի հունիսի համեմատ, նկատվել է չնչին նվազում՝ 0,1%-ով։
Ի հակադրություն ընդհանուր աճող ճյուղերի՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն առաջին կիսամյակում նվազել է 11,9%-ով։ Մյուս կարևոր ցուցանիշների շարքում հարկ է առանձնացնել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները, որոնք աճել են համաչափորեն՝ և՛ կիսամյակային, և՛ հունիսյան կտրվածքով գրանցելով 7,7%-ի աճ:
Ինչ վերաբերում է գնաճային միջավայրին, ապա սպառողական գների ինդեքսը հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4,6%-ով, իսկ հունիս ամսին՝ 5,1%-ով։
Չնայած տնտեսական ակտիվության աճի դինամիկային` Վիճակագրական տվյալները վկայում են արտաքին առևտրի ընդհանուր ծավալների կրճատման մասին։
Առաջին կիսամյակում արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 0,1%-ով, իսկ հունիսին գրանցվել է արդեն 3,3% անկում։ Այս պատկերը ձևավորվել է ներմուծման և արտահանման հակադիր միտումների ֆոնին, եթե ներմուծման ծավալներն աճել են թե՛ հունիսին (8,6%-ով), թե՛ կիսամյակային (4%-ով) կտրվածքով, ապա արտահանման ծավալները զգալիորեն կրճատվել են։
Հունվար-հունիսին հանրապետությունից արտահանումը նվազել է 6,7%-ով, իսկ միայն հունիսին անկումը հասել է 20,5%-ի։ Չնայած արտաքին առևտրի, հատկապես արտահանման շարունակվող անկմանը, որը մեծապես պայմանավորված է ՌԴ-ի հետ առևտրի ծավալների կրճատմամբ (հիմնականում, ըստ մասնագետների, թանկարժեք քարերի և մետաղների ՌԴ-ից ՀՀ տարածքով վերաարտահանման նախկին տեմպերի կրճատմամբ), մյուս ուղղություններում նկատվում է աճ, որի մասին հայտնել էին պաշտոնական կառույցները:
«Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. Չինաստան՝ աճել է 83,4%-ով, Հնդկաստան՝ աճել է 81,3%-ով, Եվրոպական միություն՝ աճել է 80%-ով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
