Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/7/2026
share

Ինչպե՞ս են SLAPP հայցերն ազդում Հայաստանի բնապահպանական պայքարի վրա

Խոսքի ազատությունը և հանրային մասնակցությունը կարող են սահմանափակվել ոչ միայն սպառնալիքներով կամ գրաքննությամբ, այլև դատական գործընթացներով։ Վերջին տարիներին միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ուշադրություն են հրավիրում SLAPP (Strategic Lawsuits Against Public Participation, հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցեր) հայցերի վրա՝ ընդգծելով, որ դրանք հաճախ կիրառվում են հանրային շահի թեմաներով խոսող լրագրողների, ակտիվիստների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ։

 

Ի՞նչ է SLAPP-ը

 

SLAPP-ը քաղաքացիական կամ երբեմն նաև այլ տեսակի դատական հայց է, որը ներկայացվում է այն անձանց կամ կազմակերպությունների դեմ, որոնք հրապարակայնորեն քննադատում են ազդեցիկ ընկերությունների, պետական պաշտոնյաների կամ այլ հզոր դերակատարների գործունեությունը։ Այսպիսի հայցերի հիմնական նպատակը հաճախ ոչ թե դատարանում հաղթելն է, այլ՝ երկարատև դատավարությունների միջոցով հոգեբանական, ֆինանսական և իրավական ճնշում գործադրելը։ Դատական գործընթացը դառնում է ինքնին պատժամիջոց՝ սպառելով մարդու ժամանակը, միջոցները և հնարավորությունները շարունակելու իր հանրային գործունեությունը։

 

Ինչո՞ւ են SLAPP հայցերը վտանգավոր

 

Նման գործերը կարող են ստեղծել այսպես կոչված սառեցնող ազդեցություն. երբ մեկ ակտիվիստ կամ լրագրող տարիներ շարունակ ներգրավված է դատական գործընթացներում, մյուսները կարող են խուսափել հանրային կարևոր թեմաների մասին խոսելուց՝ վախենալով նույն ճակատագրից։ Արդյունքում սահմանափակվում է ոչ միայն մեկ անձի խոսքի ազատությունը, այլև՝ ամբողջ հասարակության հնարավորությունը մասնակցելու հանրային քննարկումներին և վերահսկելու որոշումների կայացումը։

 

Հայաստանի փորձը

 

Վերջին տարիներին այս երևույթը դարձել է նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության քննարկման առարկա, հատկապես բնապահպանական պայքարի համատեքստում։ Հանքարդյունաբերական ընկերությունները վերջին տարիներին առնվազն 29 դատական հայց են ներկայացրել բնապահպան ակտիվիստների, լրագրողների և իրենց գործունեությունը քննադատող այլ անձանց դեմ։ Այդ գործերի մեծ մասը կապված է Ամուլսարի հանքի շուրջ ծավալված հանրային պայքարի հետ, իսկ մյուս մասը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության վերաբերյալ քննադատությունների հետ։

2025 թվականի քաղաքացիական հասարակության զեկույցում արդեն նշվում է, որ վերջին յոթ տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է առնվազն 33 SLAPP գործ, ինչը վկայում է խնդրի շարունակական բնույթի մասին։

Հայաստանում արձանագրված առավել հայտնի գործերից են «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից մի շարք բնապահպան ակտիվիստների դեմ ներկայացված հայցերը՝ Ամուլսարի հանքի վերաբերյալ հրապարակային հայտարարություններից հետո, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հայցերը բնապահպանական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ, ինչպես նաև՝ վերջին տարիներին ձևավորված այլ գործեր, որոնք վերաբերում են լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների և հանրային շահի հարցեր բարձրացնող անձանց։

2025 թվականին լայն արձագանք ստացավ նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հայցը գործադուլ իրականացրած ութ նախկին աշխատակիցների դեմ։ Ընկերությունը պահանջում էր շուրջ 4,7 միլիարդ դրամ փոխհատուցում, իսկ քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ այս գործը գնահատեցին որպես հանրային մասնակցությունը ճնշելու և ապագա ակտիվությունը զսպելու օրինակ։

 

Ինչպե՞ս են արձագանքում այլ երկրներում

 

Վերջին տարիներին մի շարք պետություններ սկսել են ընդունել հակա-SLAPP օրենսդրություն։ Այսպիսի օրենքները դատարաններին հնարավորություն են տալիս վաղ փուլում մերժել ակնհայտ անհիմն հայցերը, որոնք ներկայացվել են հանրային մասնակցությունը սահմանափակելու նպատակով։ Դրանք նաև կարող են նախատեսել դատական ծախսերի փոխհատուցում և այլ երաշխիքներ այն անձանց համար, որոնք դարձել են նման հայցերի թիրախ։

Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը ևս կոչ են անում անդամ պետություններին ձևավորել արդյունավետ հակա-SLAPP մեխանիզմներ՝ խոսքի ազատության, լրագրության և քաղաքացիական մասնակցության պաշտպանության համար։

 

Ինչու՞ է այս թեմսն կարևոր Հայաստանի համար հիմա

 

Ինչպես հայտնի է՝ 2026 թվականի հոկտեմբերին Երևանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Այս համաժողովը կենտրոնանալու է կենսաբազմազանության պահպանության, հանրային մասնակցության և բնապահպանական կառավարման վրա։

Այս համատեքստում Հայաստանում հակա-SLAPP օրենսդրության շուրջ քննարկումների ակտիվացումը կարող է դառնալ կարևոր քայլ՝ ցույց տալու, որ բնապահպանական քաղաքականությունը վերաբերում է ոչ միայն բնությանը, այլև այն մարդկանց պաշտպանությանը, ովքեր բարձրաձայնում են հանրային շահին առնչվող խնդիրները։

facebook sharing button facebook