
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ կանցկացնի Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի ընդունելության համար սնունդ մատակարարած մի շարք կազմակերպություններում՝ ընդունելությունից հետո գրանցված թունավորման դեպքի առնչությամբ։
Տեսչական մարմինը հայտնում է, որ հուլիսի 17-ին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» հաղորդագրություն է ստացել 10 քաղաքացու հոսպիտալացման մասին։ Նրանք «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» են դիմել «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ։
Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր բուժառուները հուլիսի 14-ին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կազմակերպած ընդունելությանը՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ։ Նրանք օգտվել են բակում կազմակերպված հյուրասիրությունից։
Ֆրանսիայի դեսպանատունը դեռ անցյալ շաբաթ հաստատել էր հյուրերի թունավորման փաստը։ Դիվանագիտական ներկայացուցչությունը խնդրի աղբյուրը պարզելու համար պաշտոնապես դիմել էր ՀՀ առողջապահության նախարարությանը։
ՍԱՏՄ-ն պարզաբանում է, որ վերահսկողություն իրականացնելու որոշումը կայացվել է ՀՎԿԱԿ-ի փոխանցած տեղեկության հիման վրա։ Ըստ դրա՝ բուժառուներն օգտագործել են շաուրմա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և սաղմոնով ծովամթերքային բրուսկետա։
Տեսչական մարմինը նշում է, որ դեպքի մասին տեղեկությունն ստացել է գրեթե 10 օր անց։ Այդ պատճառով սննդի տվյալ խմբաքանակներն արդեն սպառված էին, և դրանց նմուշառումն անհնար էր։
Ստուգումներ կանցկացվեն նշված սննդատեսակները մատակարարած կազմակերպություններում։ Մասնավորապես, «Մարիոթ Արմենիա» և «Քարֆուր Արմենիա»-ում՝ սաղմոնով կրուասանի, «Մարիոթ Արմենիա»-ում՝ ձմերուկի, պանրով և սմբուկով հացիկների, բանջարեղենով շաուրմայի, փայտիկների վրա պատրաստված խոզի խորովածի, հավի և սաղմոնով ծովամթերքային բրուսկետայի, ինչպես նաև «Ռիշել Գրուպ» և «Ռոք Բերրի» ՍՊԸ-ներում՝ ելակի մատակարարման մասով։
Ընդունելության համար սնունդ և խմիչք էին մատակարարել նաև SIL Financial Group-ը, Paris Hotel-ը, Pink Berry-ն, DoubleTree by Hilton-ը, TUFENKIAN Hotel-ը, Hin Areni Winery-ն, KILIKIA Beer of Yerevan-ը, Pernod Ricard Armenia & Yerevan Brandy Company-ն, Vino & Vino-ն, Jaburyan Group-ը և Lactalis Armenia-ն։
Սակայն ՍԱՏՄ-ի հաղորդմամբ՝ ստուգումները կվերաբերեն միայն այն կազմակերպություններին, որոնք մատակարարել են բուժառուների օգտագործած սննդատեսակները։
