Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/7/2026
share

Բյուրեղավանում խմելու ջրում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ

Բյուրեղավան համայնքում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը(ՀՎԿԱԿ)։

 

Լաբորատոր հետազոտություններն իրականացվել են Բյուրեղավանում աղիքային վարակների դեպքերի առնչությամբ։

Կենտրոնը պարզաբանում է, որ ընդհանուր կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին մանրէներ են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը։

ՀՎԿԱԿ-ի փոխանցմամբ՝ նշված երկու հասցեների բնակիչները տեղեկացվել են, իսկ Բյուրեղավան խոշորացված համայնքի մյուս բնակիչները կարող են օգտվել ծորակի ջրից։

Միաժամանակ ՀՎԿԱԿ-ը տեղեկացնում է, որ այս պահին նոր հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։ Երկու անձ շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուսներն արդեն ապաքինվել և դուրս են գրվել բուժհաստատությունից։

Հուլիսի 17-ին առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել։ Շտապօգնության ծառայությունը ստացել ստացել էր 30 կանչ։ 

facebook sharing button facebook