Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/7/2026
share

Թեժ ու լարված լսումներ․ ստեփանավանցիները դեմ են հանքին, նախկին ու ներկա աշխատակիցները՝ կողմ (տեսանյութ)

Ստեփանավանի բնակիչներն ու քաղաքացիական ակտիվիստները լսել անգամ չեն ուզում նոր երկրաբանական ուսումնասիրությունների ու հանքի հեռանկարի մասին։ Համայնքապետարանի դահլիճ էին եկել «Դեմ ենք մետաղական հանքերին», «Էկո Ստեփանավան», «Դեմ եմ հանքին» պաստառներով։ Օրեր առաջ նրանք տեսանյութեր էին հրապարակել,որոնցից երևում էր, թե հայցվող տարածքը ուղիղ գծով ընդամենը 2-8 կմ է հեռու Ստեփանավանից ու բավական մոտ է կարմիրգրքյան Ջրաշուշանների հայտնի լճին՝ Ուրասարում։ Ակտիվիստների հրապարակած կադրերից երևում էր շուրջ 10 տարի չաշխատող հանքի տարածքից ինչպես են հոսող թթվային ապարները դրենաժի միջոցով աղտոտում շրջակա հողերն ու լցվում Ձորագետի Չքնաղ վտակը։ 

Լարված ու բուռն մթնոլորտում անցան հանրային լսումները։ Ընդերքի հետախուզման փորձեր «Սագամար» ընկերությունը 2022-ին ու 2024-ին էլ է նախաձեռնել, չի հաջողել։ Մարդիկ մերժել են լսումներն էլ, հանքերն էլ։ Ուսումնասիրությունների մասին «Սագամար»-ի նոր պլանները ստեփանավանցիների սրտով չեն։ Ինչպես նախկինում, այս անգամ էլ դահլիճում հիմնականում ընկերության աշխատողներն էին, որոնց մեքենաներով էին բերել լսումների։

«Բազմազանության COP17 համաժողովին ընդառաջ՝ խախտելով Օրհուսի կոնվենցիայի բոլոր ու հատկապես մասնակցայնության սկզբունքը, ոչ լեգիտիմ գործընթացով եք զբաղված»՝ ՇՄՆ ներկայացուցիչ Հովակիմ Ֆրունզիկյանին ասաց իրավապաշտպան-բնապահպան Օլեգ Դուլգարյանը։ Չմոռացավ անդրադառնալ նաև ՏԻՄ-ի հակասական գործելաոճին։

Հիշեցնենք՝ 2026-ի փետրվարին Ստեփանավանի ավագանին համաձայնություն էր տվել ընկերության կողմից երկրաբանական հետախուզման աշխատանքներին՝ համայնքային բյուջե 10 մլն դրամից ավելի ներդրումների դիմաց։ Սա այն դեպքում, երբ նույն ավագանին համայնքի զարգացման առաջնահերթություն է հռչակել տուրիզմն ու կանաչ գյուղատնտեսությունը։

 

ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ լսումներին, որի նախաձեռնողը ՇՄՆ-ն էր, ռուսական կապիտալով աշխատող «Սագամար»-ից ասացին՝ մտադիր են 3 տարի հետախուզել ընդերքը՝ նոր պաշարների ակնկալիքով՝ ասաց ընկերության երկրաբան-փորձագետ Շահեն Խաչատրյանը։

 

2 տարբեր բանակների բաժանված լսումների մասնակիցները տարբեր վանկարկումներով փորձում էին խլացնել միմյանց: Ստեփանավանից Նազելի Ավագյանը հարցնում է՝ եթե ՏԻՄ-ը Ստեփանավանը  տուրիստական ու կանաչ միջավայր է ուզում դարձնել, ինչպե՞ս է պատկերացնում հանքարդյունաբերության հետ համատեղումը,  մանավանդ, որ նախկինում հանքի գործունեությունը ևս մտահոգիչ է եղել 

 

«Եթե պաշարներ գտնենք և հանքը աշխատի, շուրջ 400 աշխատատեղ ենք նախատեսում բացել»՝ «Քաղաքացու Ձայն»-ի հետ զրույցում՝ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արա Բերբերյանը։ Այժմ հանքը 60 աշխատող ունի՝ հիմնականում վարչական մասում:

 

Ի տարբերություն ստեփանավանցիների, ովքեր հստակ դեմ արտահայտվեցին հանքարդյունաբերությանը, արմանիսցիներն ուզում են օր առաջ հանքը վերաբացվի։ Բնակիչների մեծ մասը հանքի վարձակալությամբ հողեր են տրամադրել և շահագրգիռ են հանքի շահագործման հարցում։ Ալիկ Ալեքսանյանը Արմանիսի ոսկու հանքում նախկինում էլ է աշխատել, ընտանիքի հոգս հոգացել։ Նորիկ Հունանյանն էլ այլ զբաղվածություն չի պատկերացնում:

 

Արմանիսում դեմ արտահայտվող էլ կար, ով համագյուղացիների ճնշման ներքո լսումների չեկավ։ Բնակիչների խոսքով՝ գյուղում ինչ արվել՝ հանքի շնորհիվ է արվել։ Դժվարացան պատասխանել՝ այդ դեպքում ինչո՞ւ է դպրոց տանող ճանապարհն այդքան անմխիթար վիճակում, դպրոցի դահլիճում անգամ աթոռներ չկային։ Ի դեպ, օրեր առաջ Արա Բերբերյանն էր իր ֆեյսբուքյան էջում տվյալներ հրապարակել, համաձայն որոնց «Սագամար» ընկերությունը Ստեփանավան քաղաքի, նաև Արմանիս, Ուրասար և Կաթնաղբյուր գյուղերի զարգացմանն ուղղված ընդհանուր առմամբ մոտ 350 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերել՝ 2015-ից սկսած, երբ հանքը անգամ չի աշխատել։

 

Նոր աշխատատեղերի հույսով լսումների եկած արմանիսցիներին, սակայն, Սագամարն այս փուլում աշխատանք չի առաջարկում։ Միայն նեղ մասնագետներ են պետք՝ ընդհանուր թվով մինչև 10 աշխատակից՝ 3 բնակավայրերի համար՝ երկրաֆիզիկոսներ, երկրաքիմիկոսներ, ինժեներ-երկրաբաններ ու հիդրոերկրաբան՝ ասաց ընկերության Շահեն Խաչատրյանը։

 

Կանաչ խորհուրդների դաշնության համահիմնադիր Հայկ Աբրահամյանը «Քաղաքացու Ձայն»-ին ասում է՝ ցավալի է տեսնել, որ մարդիկ միայն հանքի հետ են կապում իրենց ընտանիքների ու գյուղի ապագան։ Սոցիալական վիճակն այնքան սուր է, որ անգամ չեն ուզում լսել անգամ գյուղի այլընտրանքային զարգացման մասին։ Նրանց պետք է աշխատանք և հենց այսօր՝ ասում է:  Հովսեփ Խաչատրյանը 2 տարի է, Երևանից տեղափոխվել, Ստեփանավանում է ապրում՝ նախընտրելով կանաչ միջավայրը։ Ցավով է նկատում, որ ի տարբերություն Ստեփանավանի, ուր երիտասարդները ակտիվ պայքարում են առողջ միջավայրում ապրելու իրենց իրավունքի համար, արմանիսցիներն ու հատկապես կանայք, իրենց երեխաների ապագան կապում են հանքի շահագործման հետ

Ուրասարում լսումներն ավելի կարճ տևեցին։ «Սագամար»-ի աշխատակից Նազիկ Հովհաննիսյանը, որ նաև նախկին լսումների ժամանակ է մշտապես աջակցել ընկերության ղեկավարությանը՝ բնակիչների շրջանում ի պաշտպանություն հանքի տրամադրություններ գեներացնելու հարցում, ուրասարցիների շրջանում ևս աշխատանքներ էր տարել։ Գյուղի հատուկենտ բնակիչներ էին ներկա, այն էլ՝ ապագա աշխատատեղերի ակնկալիքով։ Իրավապաշտպան-բնապահպան Օլեգ Դուլգարյանը խնդրահարույց համարելով, բնակիչների բացակայությունը, հարցեց՝ իսկ ո՞ւր են ուրասարցիները, ինչու ներկա չեն իրենց ապագային վերաբերող կարևորագույն այս խնդրի քննարկմանը

Կանանցից մեկը պնդեց՝ թե հանքի շնորհիվ է տուն-տեղ դրել։ Անասնապահության փոխարեն, ասաց նախընտրում է հանքում աշխատել։ Գյուղի տարեցներից Արամայիս Ալեքսանյանը գյուղի ցավալի փաստերից խոսեց։ Աշխատատեղերի խնդիրը, ասաց չափազանց սուր է․ մարդկանց տեղում է աշխատանք պետք՝ չարտագաղթելու համար։   

 

Ռուբեն Խաչատրյանը 2 տարի առաջ Երևանից տեղափոխվել և բնակություն է հաստատել Ստեփանավանում՝ մաքուր օդը և կանաչ հեռանկարը գերադասելով երևանյան փոշոտ առօրյայից։ Ստեփանավանն ու այս բնակավայրերը տուրիստական մեծ պետոնցիալ ունեն։ Ցավալի է տեսնել, ասում է, ինչպես են մարդիկ առաջնորդվում օրվա կարիքներով՝ իրենց ու երեխաների ապագան կապելով կարճատև հանքարդյունաբերության հետ։

3 աշխատանքային օրերի ընթացքում ՇՄՆ-ն կկազմի արձանագրություն 3 լսումների վերաբերյալ։ 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ այն կտեղադրի նախարարության կայքում։ ՇՄՆ ներկայացուցիչ Հովակիմ Ֆրունզիկյանը հիշեցրեց, որ 20 աշխատանքային օրերի ընթացքում բնակիչները հնարավորություն ունեն բողոքներ ու առաջարկներ ներկայացնել ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ, որին կհաջորդի նախարարության եզրակացությունը՝ նոր հետախուզումը մերժելու կամ թույլ տալու վերաբերյալ։ Հիշեցնենք՝ Սագամար ընկերությունը 2026-2029թթ.-ին մտադիր է  հետախուզել Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավ-արևելյան թևերը: Թեև մինչև 2049 թվականը ընկերությունն ունի ընդերքօգտագործման  իրավունք, արդեն 10 տարի է`չի շահագործում այն: Ոսկի-բազմամետաղային հանքավայրի սեփականատերերն են ռուս գործարարներ Դմիտրի Կորժեվն ու Դմիտրի Տրոիցկին են`համապատասխանաբար  29,66% և 70,34% մասնաբաժիններով:

 

Մանրամասները՝ տեսանյութում։  

facebook sharing button facebook