Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/7/2026
share

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցցացնցեր

Ֆրանսիան առաջին ԵՄ պետությունն է, որ արգելել է մինչև 15 տարեկան երեխաներին օգտվել սոցիալական ցանցերիից։ Երեկ՝ հուլիսի 22-ին, Ֆրանսիայի խորհրդարանը հաստատել է օրինագիծ, որով մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից։

Բայց աշխարհում առաջինը դեռ անցած տարվա դեկտեմբերին Ավստալիայում TikTok-ը, YouTube-ը, Snapchat-ը և մյուս խոշոր հարթակները պարտավորվեցին փակել մինչև 16 տարեկանների հաշիվները, հակառակ դեպքում նրանց խոշոր տուգանքներ են սպառնում։

Ֆրանսիայում օրինագծին հավանություն են տվել խորհրդարանի երկու պալատները՝ Սենատն ու Ազգային ժողովը։

Ըստ ընդունված օրինագծի՝ սեպտեմբերի 1-ից մինչև 15 տարեկան երեխաները չեն կարողանա ստեղծել նոր հաշիվներ TikTok-ում, Instagram-ում, Snapchat-ում և այլ սոցիալական հարթակներում, իսկ գործող հաշիվները կփակվեն 2027 թվականի հունվարից։

Օգտատերերի տարիքը ստուգելու պատասխանատվությունը դրվելու է հենց սոցիալական հարթակների վրա։ Դրանք պետք է կիրառեն Ֆրանսիայի տվյալների պաշտպանության մարմնի հաստատած տարիքային ստուգման համակարգեր։

Նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է, որ օրենքը սկսի գործել նոր ուսումնական տարվա սկզբից։ Նա այս նախաձեռնությունը ներկայացնում է որպես երեխաներին համացանցում պաշտպանելու միջոց։

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբից այս հարցը քննարկում են Եվրահանձնաժողովում։ Հարցը առաջ են քաշել և շարունակում են այդ ուղղությամբ աշխատել Հունաստանը, Իսպանիան, Գերմանիան և Ավստրիան։

Եվրահանձնաժողովը նաև ներկայացրել է տարիքը ստուգող հավելված, որը վերջին ամիսներին փորձարկում են մի շարք ԵՄ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան։

Ակնկալվում է, որ արդեն տարեվերջին ԵՄ-ն օրենսդրական առաջարկներ կներկայացնի այս խնդրի լուծման ուղղությամբ։

facebook sharing button facebook