Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/7/2026
share

Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի գրանցումը չեղարկվել է․ Դատախազություն

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ՝ 2008 թվականի հուլիսի 3-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագիրը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Խոսքը վերաբերում է պետական սեփականություն հանդիսացող 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրմանը։

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ նշված տարածքն ամբողջությամբ ջրածածկ է, իսկ կառուցապատման իրավունքի պայմանագիրը ՊՈԱԿ-ում հաշվառված է որպես դադարած։ Միաժամանակ, Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ պայմանագրի դադարման պետական գրանցում չէր իրականացվել։

Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը դիմում է ներկայացրել Կադաստրի կոմիտե՝ կառուցապատման իրավունքից ծագող իրավունքի դադարեցման պետական գրանցումն իրականացնելու նպատակով։

Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի հուլիսի 21-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը պետական գրանցմամբ դադարեցվել է։

facebook sharing button facebook