Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/7/2026
share

Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով

 

2026թ. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է։ Նա մայիսի 23-ին 2 ամսով կալանավորվել էր։ 

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն 2026թ. մայիսի 21-ին հաղորդագրություն էր տարածել, որ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ, որն առնչվում է ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանին։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Անդրանիկ Թևանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն։ Բացի այդ, ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Անդրանիկ Թևանյանը մեղադրանքը չի ընդունում։ Նշում է, որ սա քաղաքական հետապնդում է։

Նրա փաստաբան Արամ Օրբելյանը ևս նշում է, որ Թևանյանին վերագրվող արարքը հիմնավորող որևէ նյութ չկա, հետևաբար չպիտի կալանավորվեր։ Փաստաբանի փոխանցմամբ՝ դատարանի որոշումը կբողոքարկվի։

facebook sharing button facebook