Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/7/2026
share

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի․ փաստաբան

«Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Դատախազության միջնորդությունը, լրագրողներին հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

 

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձրել է Գլխավոր դատախազության միջնորդությունը, այսինքն խափանման միջոցի հարց՝ կալանքի կամ տնային կալանքի, տեղի չի ունենալու։
Ամենահավանական կանխատեսումն այն է, որ առաջիկայում Նարեկ Կարապետյանի նկատմամբ մի ապօրինի մեղադրանքի առաջադրման գործընթաց և ավելի նվազ խափանման միջոցի ընտրության գործընթաց, որի հնարավորություններն ունեն»,- ասաց Վարդևանյանը։

Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն համաձայնություն է տվել մեղադրանք առաջադրել Նարեկ Կարապետյանի նկատմամբ։

Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար Գլխավոր դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։

Հուլիսի 21-ին հաստատվել է Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով ընտրված պատգամավորների գրանցման և մանդատների տրամադրման արձանագրությունը։ Գրանցվել ու մանդատ է ստացել նաև Նարեկ Կարապետյանը։

Մինչև նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ստանձնումը՝ օգոստոսի 2-ի ժամը 10:00-ն, ընտրված պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն տալու իրավասությունը պատկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Օգոստոսի 2-ի ժամը 10:00-ից հետո, երբ մեկնարկի Ազգային ժողովի առաջին նիստը, անձեռնմխելիությունից զրկելու համար դատախազությունը պետք է դիմի արդեն խորհրդարանին:

facebook sharing button facebook