
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հեռացվել է քրեական վարույթից։ Այս մասին լրագրողներին հայտնել է ինքը՝ Սարգսյանը։
Վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին գործընթացից հեռացնելու որոշումը պատճառաբանել է տուժողի տված ցուցմունքով, համաձայն որի՝ Սարգսյանը ներկա է եղել Ծառուկյանի և իրենց միջև տեղի ունեցած որոշ հանդիպումներին։ Հիմնվելով դրա վրա՝ քննչական մարմինը եզրակացրել է, որ փաստաբանը կարող է գործին առնչվող տեղեկությունների տիրապետել, և նրան ծանուցագիր է հանձնել՝ որպես վկա հարցաքննության ներկայանալու համար։
«Ծանուցագիր են հանձնել, որ այսօր ժամը 15:00-ին ներկայանամ որպես վկա հարցաքննության»,- ասել է Սարգսյանը։
Երեմ Սարգսյանն ապօրինի է որակել իրեն վարույթից հեռացնելու և որպես վկա ներգրավելու որոշումը՝ վկայակոչելով Քրեական դատավարության օրենսդրության պահանջները, որոնց համաձայն՝ փաստաբանը չի կարող հարցաքննվել որպես վկա իր կողմից մատուցված իրավաբանական օգնության հետ կապված հանգամանքների շուրջ։ Պաշտպանը հայտնել է, որ առերեսման ընթացքում անձամբ է տուժողից ճշտել, թե վերջինս որպես ով է իրեն ճանաչել, ինչին Իրանի քաղաքացին ուղղակիորեն պատասխանել է, որ Սարգսյանին ճանաչել է որպես Գագիկ Ծառուկյանի փաստաբան։
Ըստ Սարգսյանի՝ իրեն մեկուսացնելու իրական պատճառը պաշտպանական կողմի ակտիվ ներգրավվածությունն է և տուժողի հակասական ցուցմունքները բացահայտելու ընթացքը։ Նա նշել է, որ նախորդ հարցաքննությունների ժամանակ քննիչն անհիմն հանել է պաշտպանության կողմից տրվող հարցերը, երբ տեսել է, որ տուժողի նախկին պնդումները կոտրվում են, որպեսզի կանխվի մեղադրանքի հիմքերի փլուզումը։
Ստեղծված իրավիճակում Գագիկ Ծառուկյանն ու նրա պաշտպանական խմբի մյուս անդամները պատրաստվում են բացարկ հայտնել քննիչին և հրաժարվել հետագա քննչական գործողություններին մասնակցելուց՝ մինչև իրավական ընթացակարգերի ավարտը։ Երեմ Սարգսյանը տեղեկացրել է, որ վարույթից հեռացնելու որոշումը բողոքարկելու են Դատախազություն, իսկ մերժման դեպքում՝ դատարան, միևնույն ժամանակ շարունակելով իրավական գործընթացները հարակից մյուս վարույթների շրջանակներում։
Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց երկու ամսով։ Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։
Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատանքը ևս կասեցվել է. CivilNet
