Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/7/2026
share

Արմանիս և Ուրասար համայնքների բնակիչներն ունեն այլընտրանքային առաջարկի կարիք․ Հովսեփ Խաչատրյան

Հովսեփ Խաչատրյանը ֆեյսբուքում գրել է․

Հանքի թեմայով հանրային լսումների օրը, լսումների միջև ընկած ժամանակն օգտագործեցի կադրից ու լսումներից դուրս տեղի ու հարակից համայնքների բնակիչներից մոտ մեկ տասնյակի հետ։ Այսօր էլ, Ջրաշուշանների լճից վերադառնալիս Արմանիս գյուղում կանգառ ունեցանք ու շփվեցինք գյուղամիջում հավաքված տղամարդկանց հետ։

Էս մարդիկ ասելիք ունեն։ Էս մարդիկ կարիք ունեն լսելի լինելու։ Էս մարդիկ խնդիրներ ունեն։ Էս մարդիկ իրենց խնդիրների համար լուծումներ են փնտրում։ Աջակցություն են ակնկալում կառավարությունից, ներդրողներից։ Պատրաստ են դժվար աշխատանքով իրենց հացը վաստակել։

Ոնց ներկաներից մեկն ասեց, եթե նույնիսկ վնաս է հանքը ու դրա պատճառով մի քանի տարի քիչ է ապրելու՝ ավելի լավ է քիչ ապրի, բայց արժանավայել, քան շատ ու կիսասոված։

Էս մարդկանց կարելի է հասկանալ, էս մարդկանց պետք է փորձել հասկանալ։ Էս մարդկանց պետք է փորձել օգնել։ Էս մարդկանց պե՛տք է օգնել (ի՞նչ մտքեր ու ռեսուրսներ ունեք. խելք-խելքի տանք՝ մի բան դառնա):

Ի դեպ, էրեխեքի հետ էլ շփվեցինք. Ջրաշուշանների լճից դեպի Ուրասար ճանապարհին դաշտային ծաղիկներ էին վաճառում։ Առաջարկեցինք նաև սառը ջուր ու թերմոսով սուրճ ունենալ. ենթակառուցվածքների իսպառ բացակայության պայմաններում լիճ այցելող մարդկանց համար հաստատ օգտակար կլինի, դե իսկ սկսնակ ձեռներեցների համար՝ առավել ևս (հուսամ՝ ծաղկման սեզոնին ջրաշուշաններ չեն վաճառում (գրանցված են Կարմիր գրքում), մոռացա հարցնել:

Ու էս պատմության մեջ միակ «սև խաղացողը» Սագամարն է. հանրությանը համոզում է, որ հանք չի բացվելու, զուգահեռ փորձում է էս ժողովրդին համոզել, որ շուտով հանքը կբացվի ու բոլորին աշխատանքի կընդունեն։

Հիմա էլ, երբ դժգոհության առիթ է բարձրացել էս գործընթացների մասով՝ միշտ կարող է գյուղացիներին խաբել թե «բան չէր մնացել. բացում էինք, էն էլ էս խառնակիչները ( = իրավագիտակից հանրություն) էկան, սաղ հարամ արին»։

Իրական պատկերը հետևյալն է. հետախուզական աշխատանքներ իրականացնելու ընթացքում, եթե թույլտվություն ստանան նախարարությունից, առաջիկա 3-4 տարվա համար բացվելու են խիստ սահմանափակ թվով աշխատատեղեր (5-ական երկրաբան-քիմիկ ու երկրաբան-ֆիզիկ, մի քանի վարորդ, մնացած ցանկը եթե մարդ կա հետաքրքրում ա, փորձեմ գտնել), իսկ դրանից հետո էլ էլի հարցական ա ինչ կլնի։

Այսինքն, անկախ Սագամարի գործունեության հետագա ընթացքից, Արմանիս և Ուրասար համայնքների բնակիչներն ունեն այլընտրանքային առաջարկի կարիք, աջակցության ու լսված, հասկացված լինելու կարիք։

facebook sharing button facebook