
Ազատազրկված թալիշ հետազոտող Իգբալ Աբիլովը, ըստ տեղեկությունների, խոշտանգումների է ենթարկվել մենախցում գտնվելու ընթացքում։ Ըստ նրա ընտանիքի՝ պատճառը դատարան ներկայանալիս հագած շապիկն էր, որի վրա գրված էին թալիշական բանաստեղծությունից հետևյալ տողերը․ «Այն օրը, երբ ժողովուրդը կորցնում է իր գլուխը, նա արժանի է իր երկրի մահապատժին»։
2024-ին պետական դավաճանության մեղադրանքով դատապարտված Աբիլովն այդ օրը դատարանում մասնակցում էր իր հայցի քննությանը՝ ընդդեմ մի շարք իշխանամետ լրատվամիջոցների, որոնց մեղադրում էր անմեղության կանխավարկածը խախտելու մեջ։
Աբիլովի ընտանիքը հայտնել է, որ հետազոտողը խոշտանգումների է ենթարկվել Բաքվի քննչական մեկուսարանում։
Նրա հայրը՝ Շահին Աբիլովը, OC Media-ին պատմել է, որ որդին այդ շապիկը կրել է հուլիսի 7-ի դատական նիստին։
«Նրա ձեռքերը կապել են երկաթե մահճակալին և ծեծի ենթարկել, ինչի հետևանքով մարմնի տարբեր հատվածներում կապտուկներ և ծանր վնասվածքներ է ստացել»,- ասել է Շահին Աբիլովը։
Նրա խոսքով՝ խոշտանգումների մասին իմացել է որդու փաստաբան Ֆարիզ Նամազլիից, երբ վերջինս հուլիսի 9-ին փորձել է այցելել Աբիլովին։
Ընտանիքը պնդում է, որ մեկուսարանի վարչակազմը տեղեկացրել է՝ Աբիլովը տեղափոխվել է մենախուց։
Շահին Աբիլովի խոսքով՝ որդին խոշտանգումների մասին պատմել է հուլիսի 13-ին, երբ նրան ուղեկցում էին դատարան։
Նա պնդել է, որ իրեն ծեծի է ենթարկել մեկուսարանի պետ Ջավիդ Գուլալիևը։
Դատարանում Իգբալ Աբիլովը նաև հայտարարել է, որ բանտում իր կամքին հակառակ մեկից ավելի անգամ ենթարկվել է ռենտգեն հետազոտության, որի ընթացքում նրա նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվել։
Մինչև ձերբակալությունը Աբիլովը «Թալիշ ազգային ակադեմիայի լուրեր» հանդեսի գլխավոր խմբագիրն էր։ Ամսագիրը նվիրված էր թալիշների պատմության, լեզվի և մշակույթի ուսումնասիրությանը։
Թալիշներն Ադրբեջանի ամենամեծ ազգային փոքրամասնությունն են։ Տարբեր գնահատականներով՝ նրանց թիվը կազմում է 500 հազարից մինչև մեկ միլիոն։
Նրանք երկար տարիներ պայքարում են ազգային ինքնավարության և քաղաքացիական իրավունքների, այդ թվում՝ թալիշերեն կրթություն ստանալու հնարավորության համար։
Աբիլովին առաջարկել են «խոստովանել»
Աբիլովին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (DTX) ձերբակալել է և 2025-ի մայիսին դատապարտել 18 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով։
Նրա հոր խոսքով՝ Աբիլովը մեծացել է Բելառուսում և դասախոսել Բելառուսի պետական համալսարանում։
«Նա ամբողջ կյանքում զբաղվել է գիտությամբ և երբեք քաղաքականությամբ չի հետաքրքրվել։ Հիմա նրան դատում են գիտական գործունեության համար, իսկ վերջին դատական նիստերի ընթացքում Իգբալը դատախազին մեղադրել է ոչ թե էթնիկ, այլ համակարգային խտրականության մեջ»,- ասել է նա։
Աբիլովի ձերբակալությունից հետո իշխանամետ լրատվամիջոցները գրել էին, թե նա համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ, «գործունեություն է կազմակերպել» Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ և «էթնիկ հողի վրա ատելություն ու թշնամանք հրահրող գործողություններ» իրականացրել։
Որպես նրա «դավաճանության» ապացույց իշխանամետ լրատվամիջոցները ներկայացրել էին իրանահայ պատմաբան Գառնիկ Ասատրյանի հետ Skype-ով զրույցը։ Ասատրյանը նույնպես զբաղվում է թալիշների պատմության և լեզվի ուսումնասիրությամբ։
Աբիլովի ձերբակալությունից չորս ամիս անց նրա հորը հրավիրել են DTX, որտեղ քննիչը հարցրել է՝ արդյոք նա կարող է ազդել որդու վրա, որպեսզի վերջինս համաձայնի համագործակցել ծառայության հետ։
«Ինձ խնդրեցին խոսել Իգբալի հետ, որպեսզի համաձայնության գա իրենց հետ։ Ասացին՝ այդ դեպքում գուցե կարողանան օգնել նրան։ Ես հարցրի՝ «Ի՞նչ եք անելու, մեղադրանքնե՞րն եք հանելու»։ Նրանք պատասխանեցին․ «Ոչ, կօգնենք նրան բանտում գտնվելու ընթացքում»»,- պատմել է Շահին Աբիլովը։
Մարտին իշխանամետ Baku TV-ն հրապարակել էր «Ադրբեջանին դավաճանած «գիտնականի» իրական դեմքը․ Իգբալ Աբիլովի հետևում կանգնածները» վերնագրով տեսանյութ, որտեղ կրկնել էր պնդումները, թե Աբիլովն աշխատել է Հայաստանի հետախուզության համար։
Դրանից հետո Աբիլովը Tolishmedia-ում հրապարակած պատասխանով հայտարարել էր, որ DTX-ն իրեն ավելի մեղմ պատիժ է խոստացել, եթե ընդունի մեղադրանքը։ Թալիշ ակտիվիստները նախկինում ևս պնդել են, որ DTX-ն փորձել է նրանց հավաքագրել։
Այդպիսի գործիչներից էր Միրհաֆիզ Ջաֆարզադեն, որը խոսում էր գալիս Ադրբեջանում թալիշերեն դպրոցական դասագրքերի ստեղծման օգտին։
2024-ի հոկտեմբերին ադրբեջանական դատարանը նրան դատապարտել էր 16 տարվա ազատազրկման։ 2025-ի հոկտեմբերին Ջաֆարզադեն OC Media-ին պատմել էր, որ 2021-ի սեպտեմբերին, երբ փորձում էր լքել երկիրը, իրեն ձերբակալել էին։ Նրա խոսքով՝ DTX-ում ժամեր տևած հարցաքննությունից հետո իրեն ազատ էին արձակել, սակայն արգելել էին լքել երկիրը։
Ավելի ուշ Ջաֆարզադեին կրկին ձերբակալել էին։ Նրա խոսքով՝ DTX-ի աշխատակիցները պահանջել էին տեղեկություններ հավաքել և փոխանցել Ադրբեջանում բնակվող այլ թալիշների մասին։
Ջաֆարզադեն հրաժարվել էր, ինչից հետո 2022-ի նոյեմբերին նրան ձերբակալել էին, իսկ ավելի ուշ դատապարտել 16 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով․ OC Media
