
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ Վայք քաղաքի 70-ամյա բնակիչը Մալիշկա գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու աջակցությամբ, առանց լիցենզիայի և համապատասխան թույլտվության, կազմակերպել է ապօրինի արդյունահանում։
Տեղեկությունը ստուգվել ու հաստատվել են։ Պարզվել է, որ Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանում են հրաբխային բազալտ, քարը տեղափոխում Վայքում գտնվող՝ 70-ամյա տղամարդուն պատկանող մշակման արտադրամաս և վաճառում։
Հունիսի 20-ին Եղեգնաձորի համայնքային ոստիկանները մեկնել են բազալտի արդյունահանման տարածք, որտեղ ձերբակալվել և բաժին տեղափոխվել աջակցող 49-ամյա տղամարդուն ու ևս չորս հոգու։ Նրանց շահագործած ավտոկռունկն ու բազալտի հանքաքարով բարձած բեռնատարը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։
Հանգամանքները պարզվում են։
