Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/7/2026
share

«Փաստացի, ժողովրդի փոխարեն ամեն ինչ որոշվել էր նախապես, ինչը տեղական ժողովրդավարության սկզբունքների կոպտագույն ոտնահարում է»․ Օլեգ Դուլգարյան

Իրավապաշտան Օլեգ Դուլգարյանը ներկայացրել է այն հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնվեն Լոռու մարզի Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավարևելյան թևերի տեղամասերի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ պետական լիազոր մարմնի կողմից (ՇՄՆ) Պետական փորձաքննական եզրակացությունը կազմելիս։
«Սույն գործընթացը, իր մեկնարկի պահից, խնդրահարույց է, խաթարում է տեղական ժողովրդավարության հիմքերը, անտեսում քաղաքացիների մասնակցության ապահովման օրենսդրական և միջազգային պարտավորությունները՝ Հայաստանում կենսաբազմազանության COP17 համաժողովին ընդառաջ։
Լիազոր մարմինը, ըստ էության, զբաղվում է մի գործընթացով, որի ձևավորման համայնքային մակարդակի հիմքերը լեգիտիմության առումով կասկածներ են հարուցում։

1. 2026 թ. հունվարի 30-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Արմանիս և ժամը 14:00-ին՝ Ուրասար բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում տեղի ունեցած «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավարևելյան թևերում 2026-2029 թթ. իրականացվելիք երկրաբանական ուսումնասիրությունների ծրագրի հանրային քննարկումների (առաջին քննարկում) կազմակերպման և իրականացման ընթացքը լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս՝ կապված Ստեփանավանի ՏԻՄ-ի կողմից համայնքի բնակիչների և շահագրգիռ կողմերի ներգրավման գործընթացի հետ։
Թեև պահպանվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, հանրային քննարկումների վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է Ստեփանավան համայնքի պաշտոնական կայքում 2025 թվականի դեկտեմբերի 24-ին, սակայն համայնքի բնակիչների ներգրավման համար բավարար ջանքերը տեսանելի չեն։ Հայտարարությունը տեղադրվել է նաև համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում, որն ունեցել է 13 հավանում և 4 կիսում, ինչը, բնականաբար, խիստ սահմանափակ միջոց է։
Ստեփանավան համայնքի լայն հանրությունը սույն նախաձեռնության վերաբերյալ տեղեկացվել է 2026թ․ հուլիսի 17-ին կայացած երկրորդ լսումներից ընդամենը 8 օր առաջ՝ հուլիսի 9-ին, իմ ֆեյսբուքյան գրառումից հետո։ Դա են փաստում սոցիալական ցանցերում քաղաքացիների ցասումն ու զարմանքը՝ նախորդ շրջանում տեղի ունեցած հանրային լսումների և իրենց տեղյակ չլինելու հանգամանքի հետ կապված։ Թեև փորձել ենք փնտրել և գտնել քաղաքացիների, ովքեր մասնակցել են հունվարի 30-ին կայացած հանրային լսումներին և չեն հանդիսացել ՏԻՄ-ի կամ հայցող հանքարդյունաբերական ընկերության ներկա և նախկին աշխատակիցներ, ինչը մեզ չի հաջողվել։
Վստահաբար կարող ենք եզրակացնել, որ առաջին լսումներին արդյունավետ չեն կիրառվել Ստեփանավան համայնքի «Համայնքում հանրային բաց լսումների և/կամ քննարկումների կազմակերպման և անցկացման կարգ»-ով սահմանված և արտոնված մեխանիզմներն ու ձևաչափերը։ Հանրային քննարկմանը չեն հրավիրվել կամ ծանուցվել համայնքում տարբեր սոցիալական խմբերի, շահագրգիռ հանրության ներկայացուցիչներ, ինչպիսիք են, օրինակ, ֆերմերները, կանաչ տնտեսվարները, զբոսաշրջության ոլորտի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, երիտասարդները, կանայք և այլն։
Այս իրավիճակում Ստեփանավան համայնքի համար ռազմավարական տեսանկյունից խիստ կարևոր հարցի քննարկման հանրային լսումները խնդրահարույց են, լեգիտիմությունը՝ վիճարկելի։

2. Չնայած վերոնշյալ հանգամանքներին, 2026թ․ հունվարի 30-ին տեղի ունեցած հանրային լսումներից հետո, 2026թ․ փետրվարի 11-ին, Ստեփանավան համայնքի ավագանին N 08-Ա որոշմամբ տվեց իր համաձայնությունը «Սագամար» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավարևելյան թևերում 2026-2029 թվականներին իրականացվելիք երկրաբանական ուսումնասիրությունների ծրագրին։
Հատկանշական է, որ ավագանու նիստի ընթացքում համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, որպես հիմնավորում, նշել է, որ երբ «Սագամար» ՓԲԸ-ն դիմել էր հանրային լսումների անցկացման համար, ինքը ընկերությանը հորդորել է դրա դիմաց պարտադիր աջակցություն տրամադրել, ինչից հետո ընկերությունը 15 միլիոն դրամ է փոխանցել ՏԻՄ-ին։
Ըստ էության, մենք ականատեսն ենք մի գործարքի, երբ տեղական իշխանությունը, ի դեմս համայնքի ղեկավարի, վստահ է եղել, որ նախաձեռնությանը տրվելու է դրական որոշում, և նախապես գումար է հայցել ու ստացել ընկերությունից (համայնքի ղեկավարի բնորոշմամբ՝ կարելի է ասել՝ «պոկեցինք»)։ Ավագանու նիստի տեսագրությունը կարող եք դիտել 26-րդ րոպեից, համոզվելու համար, հղումը կտեղադրեմ մեկնաբանություններում։
Ստացվում է, որ տեղական ժողովրդավարության, համայնքի բնակիչների կամարտահայտության մեխանիզմին փոխարինել է ուղիղ գործարքի մեխանիզմը, և արդյո՞ք այն չի պարունակում կոռուպցիոն ռիսկեր, պաշտոնեական դիրքի չարաշահում, ունի ուսումնասիրման կարիք։
Փաստացի, ժողովրդի փոխարեն ամեն ինչ որոշվել էր նախապես, ինչը տեղական ժողովրդավարության սկզբունքների կոպտագույն ոտնահարում է։

3. 2026թ․հուլիսի 17-ին՝ Ստեփանավանի համայնքապետարանում, Արմանիս և Ուրասար բնակավայրերում տեղի ունեցած «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Լոռու մարզի Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավարևելյան թևերի տեղամասերի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումները նույնպես իրենց մեջ պարունակում են բազմաթիվ խնդրահարույց երևույթներ, որոնցից են՝
• Հանրությունը ուշ է տեղեկացել հանրային լսումների մասին, միայն իմ ֆեյսբուքյան գրառումից հետո։
• Հանրային լսումներին մեծ թիվ էին կազմում ընկերության ներկա և նախկին աշխատակիցները, ինչը ճնշող մթնոլորտ է ձևավորում, հատկապես փոքր բնակավայրերում մարդկանց մասնակցելու և արտահայտվելու հանգամանքի վրա։
• Արմանիս գյուղում հանրային քննարկումների ժամանակ նախաձեռնությանը դեմ արմանիսցիները նախընտրում էին չարտահայտվել։ Կարող ենք ենթադրել, որ այդ մարդկանց համար մթնոլորտն ապահով չէր ազատ խոսելու համար։ Մեկ քաղաքացի, ով դեմ էր նախաձեռնությանը, հանրային քննարկման ընթացքում խոսքի իրավունք խնդրեց, սակայն այդ պահին նրան խոսք չտրվեց, որից հետո նա այլևս որևէ հարց չտվեց ու հանրային լսման վայրում չերևաց։
• Ուրասարում հավաքվել էին փոքրաթիվ մարդիկ (5-8 հոգի), որոնք հիմնականում փոխկապակցված էին հանքարդյունաբերական գործունեության հետ, համայնքի բնակիչների լայն հանրույթը և տարբեր սոցիալական խմբերը բացակայում էին, և լսման հիմնական մասնակիցները նույնն էին, ինչ Ստեփանավանում և Արմանիսում։
• Ստեփանավանում հանրային լսման մասնակիցների գերակշիռ մասը դեմ է արտահայտվել նախաձեռնությանը՝ ելնելով համայնքի հնգամյա զարգացման ծրագրի առաջնահերթություններից և Ստեփանավան համայնքի էկոլոգիական, զբոսաշրջային և գյուղատնտեսական ուղղություններով, կայուն զարգացման տեսլականներից։
• Նախատեսվող գործունեությունը, չի համապատասխանում Ստեփանավան համայնքի հնգամյա զարգացման ծրագրով հռչակված համայնքի զարգացման առաջնայնություններին:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, գործընթացը անհրաժեշտ է կասեցնել»,- գրել է նա։

facebook sharing button facebook