
Ռազմավարական հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյանը ֆեյսբուքում գրել է․
Անցած շաբաթ Ստեփանավանում էինք, որտեղ քաղաքացիները բարձրաձայնում էին հնարավոր նոր մետաղական հանքի բացման դեմ իրենց բողոքը։
Քանի որ արդեն մի քանի անգամ մասնակցել եմ նման հանրային լսումների ու տասնյակ քաղաքացիների հետ եմ խոսել, որոշեցի մի քիչ երկար տեքստով կիսվել իմ մտքերով, թե ինչ համակարգային խնդիրներ եմ տեսնում հանրային մասնակցության և տեղական ժողովրդավարության տեսանկյունից։
Անդրադառնում եմ հետևյալ խնդիրներին
ՇՄԱԳ հանրային լսումների մեխանիզմը չի աշխատում։ Լսումները հաճախ վատ են իրազեկվում, ձևական են, անցկացվում են անհավասար պայմաններում և մարդկանց իրական ազդեցության հնարավորություն չեն տալիս։
Փոքր մետաղական հանքերի հանրային օգուտը կասկածելի է, իսկ բնապահպանական ու սոցիալական վնասները կարող են երկարաժամկետ լինել։ Համայնքներին չպետք է կանգնեցնել հանքի և աղքատության միջև կեղծ ընտրության առաջ։
Համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը չպետք է մնան թղթի վրա։ Դրանք պետք է իրականում ուղղորդեն ներդրումներն ու քաղաքականությունը և ձևավորվեն բնակիչների մասնակցությամբ։
Նաև առաջարկում եմ 3 քաղաքական լուծում, որոնց շուրջ կցանկանայի տեսնել տեղական ժողովրդավարության, համայնքների զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում աշխատող ՀԿ-ների համագործակցությունը․
ՇՄԱԳ օրենքը պետք է հիմնովին վերանայվի հանրային լսումների մասով
Կառավարությունը պետք է հայտարարի փոքր մետաղական հանքերի բացման մորատորիում
Համայնքային հնգամյա զարգացման ծրագրերի մշակումն ու ընդունումը պետք է դառնան իրապես ներառական ու մասնակցային
Ուրախ կլինեմ լսել ձեր կարծիքները։
