
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 2022–2031 թվականների կատարողական ցուցանիշների գնահատման նպատակով անցկացվելիք անկախ տեխնիկական աուդիտի պայմանագրի դրույթները։ Աուդիտը գնահատելու է ընկերության կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակն ու դրանց համապատասխանությունը պայմանագրային պահանջներին։ «Այսօր Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 2022–2031 թվականների կատարողական ցուցանիշների գնահատման նպատակով անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի մի շարք դրույթներ։ Քննարկումը վարել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
Հանդիպմանը մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահի տեղակալները, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները, ինչպես նաև անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների իրականացման նպատակով ընտրված «Դեկոն Ինթերնեյշնել» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ինգո Թյովսը, ընկերության ղեկավարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և ֆինանսական մասնագետ Հասմիկ Հովսեփյանը։ Անկախ տեխնիկական աուդիտի միջոցով հնարավոր կլինի առավել համապարփակ գնահատել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը և դրանց համապատասխանությունը սահմանված կատարողական ցուցանիշներին։ Գնահատման հիմնական կատարողական ցուցանիշներն են՝ մատակարարվող ջրի որակը, ջրամատակարարման շարունակականությունը, չհաշվառվող ջրի մակարդակը և բաժանորդների գոհունակության մակարդակը։
Վերջինիս գնահատման նպատակով տեխնիկական աուդիտի շրջանակում, ի թիվս այլ գործառույթների, նախատեսվում է իրականացնել բաժանորդների գոհունակության պատահական ընտրանքով հարցումներ, որոնց արդյունքները կներառվեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գործունեության գնահատման հիմնական ցուցանիշների շարքում։ Վարձակալության պայմանագրով սահմանված կատարողական ցուցանիշների չապահովման դեպքում անկախ տեխնիկական աուդիտի արդյունքները հիմք են հանդիսանալու պայմանագրով նախատեսված տույժերի և պատասխանատվության այլ միջոցների կիրառման համար»,- ասված է Ջրային կոմիտեի տարածած հաղրդագրությունում։
