
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում գործող «ԻՆՏԵՐ ԱԿՎԱ» ՍՊԸ, որտեղ ծանոթացել է ձկնաբուծարանի արտադրական գործընթացին և զարգացման ծրագրերին։ Այցի ընթացքում քննարկվել են արտադրության ընդլայնման, դեպի Եվրամիություն արտահանման հնարավորություններն ու ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը։
«ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում գործող «ԻՆՏԵՐ ԱԿՎԱ» ՍՊԸ։ Նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացին և ընկերության հետագա ծրագրերին։ «ԻՆՏԵՐ ԱԿՎԱ» ՍՊԸ-ն ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից է։ Տարեկան արտադրական ծավալը կազմում է շուրջ 1 100 տոննա։ Աճեցվում են բելուգա, ստերլետ, սիբիրյան թառափ, ծիածանափայլ իշխան, կարմրախայտ և գեղարքունի տեսակի ձկներ։ Ձկնաբուծարանը զբաղեցնում է 6.5 հեկտար տարածք, ունի 60 աշխատակից։ Այցի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները, արտադրության ընդլայնման և դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները։ Նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես նաև պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը»,- գրել է Պապոյանը։
