Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/7/2026
share

Ադրբեջանն է ճնշում գործադրել Նեթանյահուի վրա՝ հետ կանչելու Ցեղասպանության ճանաչման օրինագիծը. Haaretz

Նիկոլաս Կաստիլիո

 

Իսրայելի կառավարության՝ վերջին օրերին Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի նախագիծը հետ կանչելու որոշումը պայմանավորված է եղել Ադրբեջանի ճնշմամբ, հայտնել է իսրայելական հեղինակավոր Haaretz թերթը: 

Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը հունիսի վերջին միաձայն հաստատվել էր Իսրայելի կառավարության կողմից՝ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի նախաձեռնությամբ։ Ճանաչման օրինագիծը օրենք դառնալու համար պետք է ընդունվեր Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի կողմից։

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հանկարծակի քայլը շատերի կողմից ընկալվեց որպես դիվանագիտական հարված՝ ուղղված Թուրքիայի դեմ, որը 2023-ից ի վեր Գազայում Իսրայելի գործողությունները բնորոշել է որպես ցեղասպանություն։

Սակայն, ըստ հարցի մասին տեղեկացված իսրայելական աղբյուրի, օրինագիծը հանվել է Քնեսեթի օրակարգից այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Haaretz-ի տվյալներով՝ դրանից հետո վարչապետի անձնական միջամտությունը խափանել է գործընթացը։

Օրինագիծը հետ է կանչվել Քնեսեթի՝ անցած ուրբաթ խորհրդարանական արձակուրդ սկսելուց քիչ առաջ՝ Իսրայելի ազգային ընտրություններին նախորդող շրջանում, ինչի արդյունքում ճանաչման հարցը երկրորդ պլան է մղվել անորոշ ժամանակով։

Իսրայելի և Թուրքիայի մերձավոր գործընկեր ու Հայոց ցեղասպանության ճանաչման երկարամյա հակառակորդ Բաքուն դժգոհություն էր հայտնել, երբ Իսրայելի կառավարությունն ի սկզբանե քվեարկել էր Ցեղասպանությունը ճանաչելու օգտին։ Թեև վերջին տարիներին Իսրայել-Թուրքիա հարաբերությունները վատթարացել են, Ադրբեջանը պահպանել է դրական հարաբերությունները հրեական պետության հետ։ 

Իսրայելի արտգործնախարար Սաարը հերքել է Haartez-ի հրապարակման մեջ ներկայացված մեղադրանքները՝ լրատվամիջոցին ասելով. «Կա կառավարության որոշում [Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ], և այն միաձայն է ընդունվել… այն չի փոխվի, և դա է կարևոր ու պատմական փաստը»։

Haartez-ի հրապարակումը, կարծես, հաստատում է այն լուրերը, որոնք շրջանառվում էին Ադրբեջանի դերի շուրջ՝ Իսրայելի կողմից ճանաչման գործընթացը հետ կանչելու որոշման առումով։ Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը՝ APA-ն, հաղորդել է հունական մամուլում հայտնված նման լուրերի մասին, սակայն չի ներկայացրել Բաքվի միջամտության մանրամասները։

Ադրբեջանը ոչ միայն Իսրայելի մերձավոր գործընկերն է, այլև ունի խոր մշակութային և քաղաքական կապեր Թուրքիայի հետ։ Բաքվի դաշինքը Անկարայի հետ կենտրոնացած է քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության վրա։ 

Միևնույն ժամանակ, Իսրայելի նավթի մեծ մասը գալիս է Ադրբեջանից՝ անցնելով ադրբեջանա-վրաց-թուրքական խողովակաշարով, ապա տեղափոխվում է Միջերկրական ծովով։ Ադրբեջանը նաև ներմուծում է իսրայելական ռազմական տեխնոլոգիա, որը մեծ արդյունավետությամբ կիրառվել է 2020-ի Ղարաբաղյան պատերազմում։ CNN-ը հունիսին հաղորդել էր, որ փետրվարին սկսված ԱՄՆ-ի ու Իսրայելի՝Իրանի դեմ հարձակումների ընթացքում իսրայելական ուժերը գործել են նաև ադրբեջանական տարածքից։

Թեև թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը հրապարակայնորեն դեմ էին Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քայլին, հարցի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունը նկատելիորեն ավելի դիվանագիտական տոն ուներ։ 

«1915-ի իրադարձությունների շուրջ պատմական փաստերի խեղաթյուրումը և պատմական բարդ խնդրի հանգեցումը քաղաքական որոշման՝ առանց ամուր իրավական կամ գիտական հիմքի, անընդունելի է [...]: Կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը վերանայել այս որոշումը»,- ասվում էր հայտարարությունում։

facebook sharing button facebook