Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/7/2026
share

ԱՄՆ-ը կշարունակի թիրախավորել Իրանը, քանի դեռ հարձակվում են նավերի վրա․ Ռուբիո

Միացյալ Նահանգները կշարունակի թիրախավորել Իրանը, քանի դեռ Թեհրանը շարունակում է հարձակումները համաշխարհային առևտրային նավագնացության դեմ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Հորմուզի նեղուցը միջազգային ջրային ուղի է, իսկ նրանք շարունակում են հարձակումներ գործել այդ միջազգային ջրային ուղով անցնող նավերի վրա»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ընդգծել է պետքարտուղար Ռուբիոն։

Նրա խոսքով՝ քանի դեռ Իրանը պնդում է, թե պետք է վերահսկի միջազգային ջրային ուղին, «մենք ստիպված կլինենք արձագանքել դրան»։ ԱՄՆ գլխավոր դիվանագետը հավելել է, որ Վաշինգտոնը «միշտ բաց է մնում դիվանագիտական կարգավորման համար»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախօրեին հայտարարել է, որ Իրանը փորձում է օգտագործել Հորմուզի նեղուցը որպես ճնշման լծակ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության շրջանակում։ Նա հավելել է, որ մյուս երկրները պետք է մեծացնեն ճնշումը՝ համաշխարհային ծովային փոխադրումների անվտանգությունն ապահովելու համար։

«Ակնհայտ է, որ Իրանը, կամ առնվազն Իրանի որոշ շրջանակներ, ցանկանում են վերահսկել նեղուցը և այն օգտագործել որպես ճնշման լծակ ամբողջ աշխարհի նկատմամբ», - Ֆիլիպիններ մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Ռուբիոն:

«Միացյալ Նահանգները կանի և կշարունակի անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է համաշխարհային նավագնացությունը պաշտպանելու համար, սակայն մյուս երկրները նույնպես պետք է սկսեն քայլեր ձեռնարկել՝ լինի դա ռազմական տեխնիկայի, թե ֆինանսների տեսքով՝ օգնելու կրել այդ բեռը»։

Հրադադարը խախտելու երկուստեք մեղադրանքներից և վերսկսված փոխհրաձգությունից ի վեր պահպանվում են համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցով երթևեկության շուրջ մտահոգությունները։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այսօր հայտարարել է, որ երկու նավթատար է պայթել և չեզոքացվել, երբ փորձել են անցնել Հորմուզի նեղուցի, Թեհրանի գնահատմամբ, «անապահով» հարավային երթուղով։

Իրանը հետևողականորեն պնդում է, թե մատուցած ծառայությունների դիմաց իրավունք ունի վճարներ գանձել նեղուցից օգտվող նավերից, սակայն Վաշինգտոնն ու Արևմուտքը հակադարձում են՝ Թեհրանը չի կարող դա անել։

facebook sharing button facebook