
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով «helpcourt.am» հարթակի գործունեության վերաբերյալ առկա ինստիտուցիոնալ մտահոգությունները՝ անդրադարձ կատարելով այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առնչվել դատավորների անկախության երաշխիքներին, ինչպես նաև դատավորների նկատմամբ ոչ ֆորմալ ազդեցության, կախվածության կամ ճնշման ձևավորման հնարավորությանը։
Գրության մեջ նշված է, որ Helpcourt.am հարթակում դատավորների վարկանիշը ձեւավորվում է փաստաբանների կողմից տրվող դրական կամ բացասական գնահատականների միջոցով։ Հարթակի կանոնների համաձայն՝ դատավորի վարկանիշի ձեւավորմանը կարող են մասնակցել բացառապես ՀՀ փաստաբանների պալատի անդամները, իսկ յուրաքանչյուր փաստաբան կարող է միեւնույն դատավորին կամ դատական ակտին տալ մեկ դրական կամ բացասական գնահատական՝ հետագայում այն փոփոխելու հնարավորությամբ։
Այս կառուցակարգը, մեր գնահատմամբ, սկզբունքորեն արատավոր է եւ չի կարող դիտարկվել՝ որպես դատական համակարգի նկատմամբ առողջ հանրային կամ մասնագիտական վերահսկողության գործիք, ինչը հիմնավորվում է հետեւյալով.
Նախ՝ հարթակը դատավորներին գնահատելու իրավասությունը վերապահում է միայն փաստաբանական համայնքին՝ ամբողջությամբ դուրս թողնելով դատախազներին, քննիչներին կամ մասնագիտական հանրույթի այլ ներկայացուցիչներին։ Դրա հետեւանքով ձեւավորվող վարկանիշը չի կարող համարվել դատավորի մասնագիտական գործունեության ամբողջական, հավասարակշռված կամ օբյեկտիվ արտացոլում։ Այն առավելագույնը կարող է արտահայտել որոշ փաստաբանների գոհունակությունը կամ դժգոհությունը տվյալ դատավորից, ինչը բավարար չէ դատավորի հանրային հեղինակության կամ մասնագիտական որակի վերաբերյալ գնահատական ձեւավորելու համար։ Բացի այդ, խնդրահարույց է հարթակի մեթոդաբանությունը. դատավորի աշխատանքի գնահատումը բարդ մասնագիտական գործընթաց է եւ չի կարող վերածվել դրական կամ բացասական միավորների պարզ մեխանիկական հաշվարկի։ Դատավորի գործունեությունըպետք է գնահատվի իրավական չափանիշներով՝ դատական ակտերի հիմնավորվածություն,
դատավարական ժամկետների պահպանում, նիստերի վարում, վարքագծային չափանիշներ, վերադաս դատարանների կողմից ակտերի բեկանում եւ այլն։ Ակնհայտ է, որ հարթակը մասնագիտական եւ ստուգելի գնահատման այդպիսի համակարգ չի ապահովում։
Նշվում է նաև, որ նման պայմաններում հարթակը վտանգավոր է երկու ուղղությամբ։ Մի կողմից այն կարող է դառնալ դատավորներին թիրախավորելու գործիք։ Դատավորը, որը կայացնում է կողմի համար ոչ ցանկալի որոշումներ, կարող է հայտնվել բացասական գնահատականների թիրախում։ Մյուս կողմից՝ նույն համակարգը կարող է օգտագործվել դատավորներին անհիմն դրական գնահատականներ տալով՝ պայմանավորված ոչ թե ինստիտուցիոնալ չափանիշներով, այլ դատավորի՝ փաստաբանական որոշ շրջանակների համար «հարմար» կամ «ընդունելի» լինելու հանգամանքով, ինչն իր հերթին շատ դեպքերում նպաստավոր պայմաններ է ստեղծում կոնկրետ փաստաբանի շահերից բխող կամ առնվազն նրա շահերին չհակասող դատական ակտերի կայացման համար։
Առաջարկվել է քննարկել նշված, ինչպես նաև դատավորներին հրապարակայնորեն դասակարգող և վարկանիշավորող այլ հնարավոր մասնավոր հարթակների գործունեությունն օրենսդրական կարգավորմամբ արգելելու նպատակահարմարության հարցերը։
Նյութի աղբյուրը՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե
