Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/7/2026
share

«Ոչ թե իրար դեմ, այլ իրար կողք՝ հանուն մեր կանաչ ու մաքուր Ստեփանավան համայնքի»․ Աիդա Ջանջուղազյան

Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, Ստեփանավանի բնակիչ Աիդա Ջանջողազյանը ևս արդրադարձել է 2026թ․ հուլիսի 17-ին Լոռու մարզի Ստեփանավան համայնքի երեք բնակավայրերում «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ նախաձեռնած հանրային քննարկմանը։

«Կանաչ Ստեփանավանը բոլորիս տունն է
Այսօր Ստեփանավանում, Ուրասարում և Արմանիսում կայացավ հանրային լսումներ՝ կապված հանքի տարածքում իրականացվելիք զննումների հետ։ Թեև պաշտոնապես նշվում է, որ սա դեռ շահագործում չէ, այլ միայն ուսումնասիրություն, ակնհայտ է՝ ցանկացած նման քայլ ուղիղ ճանապարհ է բացում դեպի ապագա շահագործում: Իսկ դրա ռիսկերը, հաշվի առնելով նախորդ տարիների դեռ չսպիացած էկոլոգիական վերքերը, չափազանց մեծ են մեր տարածաշրջանի թե՛ բնության, թե՛ տուրիստական պոտենցիալի համար։
Բայց այսօր ինձ ամենից շատ մտահոգեց մեկ այլ պատկեր։
Ցավով տեսա, թե ինչպես են տեղեկատվության պակասի ու բաց հարցերի պատճառով մարդիկ բորբոքվում, իսկ նույն համայնքում, իրարից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա ապրող համագյուղացիներն ու քաղաքացիները՝ կանգնում իրար դեմ։ Հնչում էին մեղադրանքներ, թե ով ավելի շատ իրավունք ունի խոսելու՝ տեղաբնա՞կը, թե՞ այստեղ տեղափոխվածը։
Եկեք ֆիքսենք մի կարևոր ճշմարտություն. Ստեփանավանը բոլորինս է։
Այն հավասարապես պատկանում է թե՛ նրանց, ովքեր ծնվել ու մեծացել են այստեղ, թե՛ նրանց, ովքեր ընտրել են այս քաղաքը որպես իրենց տուն, և թե՛ նրանց, ովքեր պարզապես անսահման սիրում են այս կանաչ անկյունը։ Մենք թշնամիներ չենք, մենք նույն կողմում ենք և բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր երեխաները մեծանան մաքուր, առողջ ու անվտանգ միջավայրում։
Այսօրվա լսումներն ավարտվեցին, բայց հարցը փակված չէ։ Չպետք է լռել կամ թուլացնել մեր ուշադրությունը։ Սա այն թեման է, որը պետք է շարունակենք պահել օրակարգում, հետևողական լինենք յուրաքանչյուր փաստաթղթի ու քայլի նկատմամբ և անենք ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք հանքի շահագործմանը։
Ոչ թե իրար դեմ, այլ իրար կողք՝ հանուն մեր կանաչ ու մաքուր Ստեփանավան համայնքի»,- գրել է նա։

facebook sharing button facebook