Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/7/2026
share

«Արմանիսի հանքերի վերաշահագործման մասին»․ Մելինե Սահակյան

Մելինե Սահակյանի անդրադարձը «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ի կողմից նոր տարածքների ուսումնասիրման նախագծին։

«Արմանիսի հանքերի վերաշահագործման մասին

14 տարի առաջ (վայ, ես արդեն այդքան մեծացել եմ) Լոռու մարզպետի հետ գնացել էինք մարզային այցի ու ռեպորտաժ պետք է պատրաստեի Ուրասարի դպրոցի մասին։ 1-ին քաղաքից դուրս ռեպորտաժս էր, շատ ոգևորված էի։ Անցանք Արմանիսի հանքի մոտով, գնացինք Ուրասարի դպրոց։

Դպրոցի հետ չգիտեմ՝ հետո ինչ կատարվեց, բայց այդ պահին Ուրասարի միակ դպրոցի պատուհանների ապակիները կոտրված էին ու բացակայում էին տարրական պայմանները կրթության համար։ Տեղացիների հետ զրուցելիս ինձ պատմեցին, որ Արմանիսի հանքի շահագործման հետևանքով գյուղում ունեն մուտացիաներով ծնված բալիկներ, նաև նշեցին, որ ծննդատուն չլինելու հետևանքով ապագա մայրիկները մեծ խնդիրների են բախվում, քանի որ ծննդաբերության օրերին ստիպված են լինում գնալ մոտակա քաղաքներ վատ ճանապարհներով։

Սա այն մասին, թե ինչպես կարելի է քո իսկ մի շարք հայրենակիցների համարել պակաս մարդ, քան, օրինակ, երևանաբնակներին, և թույլ տալ, որ նրանց երեխաները ծնվեն մուտացիաներով։ Այսինքն, ինչ եմ ուզում ասել․ եթե ուզում եք օրինակ Արմանիսում հանք շահագործել, ապա առաջին հերթին անհրաժեշտ է մոտակա բնակավայրերի մարդկանց տեղափոխել այլ բնակավայր, նրանց ապահովել աշխատանքով ու ապրելու տեղով։ Չէ՞ որ լավ էլ տեղեկացված եք՝ ինչ է տեղի ունենում բնակչության առողջության հետ։ Ամենատարածվածը շնչառական հիվանդություններն են ու քաղցկեղը։ ԲԱՅՑ շնչառական հիվանդություններն ու քաղցկեցը դեռ միայն սկիզբն են, բացատրեմ։

Ուրեմն քանի որ մեր իսկապես չքնաղ Լոռին ունի ջրային հարուստ համակարգ, ինքը արդեն իսկ վտանգավոր է անգրագետ հանքարդյունաբերության համար։ Իսկ մեր երկրում հանքարդյունաբերությունը անգրագետ է, ու էստեղ ոչ մեկի հակառակ կարծիքը չեմ լսելու, քանի որ աչքովս եմ տեսել օրինակ Իրանի ու Թուրքիայի հանքեր և մեր հանքերը։ Իրականում հանքարդյունաբերությունն ու բնությունը կարող են իրար կողք գոյություն ունենալ ու մարդկանց էլ չվնասել, բայց դա մեր այդօրվա հանքարդյունաբերության մասին չէ, ու այս կետը թույլ տվեք կտրուկ բացառեմ։ Հիմա ինչումն է վտանգը լեռնային ջրերով հարուստ վայրում հանք շահագործելու։

Ծանր մետաղները՝ սնդիկ, կադմիում, պղինձ, մկնդեղ և այլն, աղտոտում են ջրերը, որոնք էլ հետագայում օգտագործվում են թե խմելու, թե այգեգործական ու ոռոգման նպատակներով։ Մենք ունենում ենք մարդիկ, որ ամեն օր խմում են մկնդեղ, ուտում են կադմիում, իսկ որպես համեմունք՝ սև պղպեղի փոխարեն օգտագործում են պայթեցումներից առաջացող քիմիական տարրերով հագեցած փոշին (իհարկե կարող ենք համոզել, որ մեգրելական աղ է, բայց չարժի)։

Ուզում եմ ասել, որ այս հանքերի շահագործումը միայն տարբեր կողմերի хотелка-ների կամ շահերի բախման հարց չէ․ այս հանքերի շահագործումը տեղի բնակչության դանդաղ սպանություն է։ Ես հասկանում եմ, որ շատ քչերին են հուզում Արմանիսում ու Ուրասարում ապրող փոքրաթիվ մարդիկ, ու որ շատերի համար իրենց բիզնես պլանները, փողերը, թերարժեքության բարդույթի հաղթահարումը, շրջապատում «լավ տղեքից ավելի լավ տղա» լինելը շատ ավելի կարևոր է, քան մարդկանց կյանքերը։ Այդպես պատահում է։ Մարդիկ այդպես անում են։ Այո, կյանքը նաև այդպես է, բայց դա չի նշանակում, որ մարդիկ այդ բնակավայրերում պետք է նստեն և լուռ ու դանդաղ մահանան։

Սա փոքրիկ անդրադարձ մարդկային կետին։ Իսկ հիմա անդրադառնանք ռազմավարական կետին։ Այո, Լոռին շատ հարուստ է հանքավայրերով։ Լոռին նաև հարուստ է մշակութային կոթողներով, ու միայն պաշտոնապես մոտ 3 հազար մշակութային կոթող է այստեղ գրանցված, որոնցից 2-ը՝ Հաղպատի ու Սանահինի վանքերը, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ են հանդիսանում։ Լոռին, այդ թվում և Ստեփանավան - Արմանիս - Ուրասարի կողմերը հայտնի արշավական ու ներքին տուրիզմի ուղղություններ են, ուր մարդիկ սիրում են գնալ։ Օրինակ ինքս Ուրասարի Ջրաշուշանների լիճն եմ շատ սիրում ու մեր 1-ին տրանսֆորմացիոն արշավը հենց այդտեղ էլ եղել է։ Լոռիում ամենաշատ հյուրատներն են քանակով, ու Լոռին իսկապես ապրելու համար դրախտավայր է։

Ինքս վերդարձել եմ Վանաձոր ու լինելով բավական կիրթ, ձեռքս ոչ քարի տակ, խելացի երիտասարդ կին, ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ Վանաձորից։ Ուղղակի չեմ պատկերացնում՝ այդ որտեղ պետք է ապրեմ, որ Լոռիից հիասքանչ լինի։ Հիմա ինձ նման էլի մարդիկ կան, որ եկել են ապրելու Լոռիում, ու կարծես թե շատ էլ սիրել են այս մարզը, ջանքեր են ներդրել, որ մարզը զարգանա, և հիմա նրանց ասում են․ «մենք Լոռին տուրիստական կենտրոն դարձնելու ձեր ջանքերը քիչ-քիչ սպանելու ենք, քիչ-քիչ կործանելու ենք ձեր ու ձեր մտերիմների առողջությունը, ու առհասարակ դուք ով եք, որ մենք ձեր մասին մտածենք»։

Եկեք հիշենք նաև Թեղուտի հանքը, Քարաբերդինը, ու մի շարք այլ հանքեր, որ շահագործվում են անգրագետ ձևով՝ աղտոտելով ջրերը, շահագործումից հետո չ՝ծառապատվելով, հողի էրոզիա առաջացնելով։ Հիշենք նաև աղբաման դարձած ու էլի հանքարդյունաբերական մետաղներով աղտոտված Փամբակ գետը, որտեղ 2 քույրերը խորտակվեցին ու էլի շատերն են խորտակվել։ Այսինքն այո, Լոռին իսկական «հարստություն» է՝ բառիս բուն և փոխաբերական իմաստներով։ Այստեղ մեծ քանակի են թե հանքերը, և թե վանքերը, ապրելու համար իդեալական են ջրային ռեսուրսները, այստեղ կանաչ է ու դրախտավայրի պես գեղեցիկ։

Այսինքն՝ այստեղ կարող է լինել մշակութային, կրթական ու արվեստի կենտրոն՝ հատկապես, որ բնակիչները կրում են այդ գենետիկ կոդը ու մի տեսակ յուրահատուկ ստեղծագործական են ու ինքնատիպ «կոլեկտիվ բնավորությամբ»։ Ի վերջո հենց Լոռիում ծնվեցին Ամենայն Հայոց Բանաստեղծ Հ․ Թումանյանը, արձակագիրներ Հ․ Մաթևոսյանն ու Ստ․ Զորյանը, նկարիչներ Մինաս Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը, ու հիմա էլ Լոռիում մի շարք հետաքրքիր մարդիկ կան։ Այսինքն՝ Լոռվա հանքերի անգրագետ շահագործումը սպիտակ եղեռնի նման մի բան է, և Արմանիսի հանքը միակը չէ։ Ոնց ասեմ, եթե ուզում ես՝ Հայաստանում մշակութային ու քաղաքակրթական կոդ սպանել, արի ավիրիր Լոռին ու լոռեցիների առողջությունը։

Սա տարածաշրջան է, որը ժամանակակից աշխարհում առաջացնում է օրինակ Ռոզա Լին, այսինքն այստեղ միջավայրը մարդուն իսկապես տալիս է հնարավորություն ինքնություն ձևավորելու։ Եկեք հանքերով, գետեր աղտոտելով, բնակիչներին մուտացնելով նախ սպանենք լոռեցիների ներուժը, քանի որ անառողջ մադրիկ չեն զբաղվում ինքնության հարցերով, կամ արտագաղթի մատնենք լոռեցիներին, թող գնան դատարկեն մարզը, ի՞նչ կա էստեղ ապրելու, կամ էլ թող մանրից մեռնեն, էլի, բոլորս էլ մի օր մեռնելու ենք, ի՞նչ տարբերություն՝ կադմիում ու մկնդեղ խմելուց, թե՞ ծերությունից։

Իսկ հիմա ինչ է նշանակում հանքի գրագետ ու անգրագետ շահագործում։ Հանքերը բնակելի վայրերից պետք է լինեն զգալիորեն հեռու։ Ամեն տեսակի հանք ունի հեռավորության իր չափանիշը, կոնկրետ Արմանիսը ոսկի-բազմամետաղային հանքավայր է։ Եթե չլինեին ջրային ռեսուրսների ու օդի աղտոտման ռիսկերը, այո, կարող էր բնակավայրից 4-6կմ հեռավորության վրա շահագործվել, բայց այս ռիսկերը կան ու մեր երկրում հանքարդյունաբերական մշակույթը տեսնելով՝ չկա ոչ մի երաշխիք, որ հանքարդյունաբերությունը կիրականացվի գրագետ, հետևելով մարդկանց առողջությանը ու բնությունը չվանասելուն, առանց բաց պոչամբարների, առանց քիմիական արտանետումների, ծառեր ցանելով և հողի էրոզիան կանխարգելելով։ Նաև այս հանքն արդեն իսկ շահագործվել է ու արդեն իսկ տեսել ենք դրա ազդեցությունը բնակչության վրա։ Արժե մի հատ մեեեեեեեեեծծծծծծծծ հետազոտություն անել Արմանիսի ու Ուրասարի բնակիչների առողջական խնդիրների հետ կապված, հետո նոր կանգնել ասել՝ թե նորից ենք ուզում հարստանալ ձեր կյանքի որակի ու ժամանակի հաշվին։

Էլ չգրեմ, թե չէ էլ ավելի երկար կգրեմ, որովհետև սա շատ մեծ, ծանր, ցավոտ թեմա է, ու երբ գիտակցում ես խորքային խնդիրները՝ թե քաղաքակրթական, թե բնապահպանական, թե մարդկային, ուղղակի մարդու սիրտ է ցավում։ Ինձ համար անընդունելի է, երբ որոշ մարդիկ համարվում են ավելի մարդ, քան ուրիշ մարդիկ, ու ամեն անգամ նման բաներ տեսնելիս հիշում եմ «Անասնաֆերմա» գիրքը, որտեղ «Կենդանիների հավասարության» հիմնարար օրենք էր մշակվել ու հնչում էր մոտավորապես այսպես․«Բոլոր կենդանիները հավասար են, բայց նրանցից ոմանք ավելի հավասար են, քան մյուսները» (All animals are equal, but some animals are more equal than others.):

Նման որոշումներն ու գործունեությունները հանցագործություններ են։ Ու արժի իրերն անվանել իրենց անուններով»։

facebook sharing button facebook