
Ռոսսելխոզնադզորն Իրանին խնդրել է կասեցնել Ռուսաստան արտահանման համար նախատեսված ծաղիկների հավաստագրումը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ռոսսելխոզնադզորը խնդրել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ կասեցնել Ռուսաստան արտահանման համար նախատեսված ծաղիկների հավաստագրումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունը նշում է, որ 2026 թվականին Իսլամական Հանրապետությունից առաքումների ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Փաստաթղթերում որպես ծագման երկիր նշված է եղել Իրանը։ Այնուամենայնիվ, ըստ հաղորդագրության, ապրանքների արտաքին բնութագրերը և փաթեթավորումը նույնական են Հայաստանից առաքվողների հետ։ Մինչդեռ, Հայաստանից Ռուսաստան ծաղիկների առաքումն արգելված է մայիսի 22-ից։ «Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ Իրանին տեղեկացրել էր հայկական ծաղկային արտադրանքի համար գործող ժամանակավոր սահմանափակումների մասին»,- նշել է գերատեսչությունը։
Նշվում է, թե իրանական կողմից արձագանքի բացակայության պատճառով Ռուսաստանի և ԵՏՄ անդամ պետությունների տարածքների բուսասանիտարական բարեկեցությունը պահպանելու և Ռոսսելխոզնադզորի կողմից սահմանված արգելքներն ու սահմանափակումները պահպանելու նպատակով ծառայությունը խնդրել է կասեցնել ծաղիկների հավաստագրումը՝ մինչև երկկողմ բանակցությունների անցկացումը և հարցի պարզաբանումը։
