Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/7/2026
share

ԱՄՆ-ն և ՀՀ-ն այս համաձայնագրով հիմնադրում են TRIPP զարգացման ընկերությունը․ Արարատ Միրզոյան․

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP ռազմավարական նախագծի շրջանակային համաձայնագրի վավերացմանը: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց գործընթացը։ Նախարարն ընդգծեց, որ այս համաձայնագրով Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը հիմնադրում են TRIPP զարգացման ընկերությունը:

«Այս ընկերությունը կկարողանա Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր գոտիներում առանձին նախագծերի համար հիմնադրել հատուկ նշանակության ընկերություններ, ներգրավել այլ գործընկերների։ Զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման կառուցապատման իրավունք այս գոտիներում։ Այս իրավունքը կգործի նախնական 49 տարով, և այս ժամկետում ընկերությունում բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ․ Միացյալ Նահանգներին կպատկանի բաժնեմասերի 74%-ը և Հայաստանի Հանրապետությանը կպատկանի բաժնեմասերի 26%-ը, ահա այս նախնական ժամկետի՝ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարացնել համագործակցությունը ևս 50 տարով։

Այս դեպքում արդեն Հայաստանի Հանրապետությունը կունենա ընկերության բաժնեմասերի 49%-ը։ Ուզում եմ նշել, որ ամբողջ գործընթացը և այս համաձայնագիրն ամբողջությամբ համահունչ է և իրականացվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության լիարժեք հարգամբ։ Այս մասին էլ բազմաթիվ ամրագրումներ և արձանագրումներ կան փաստաթղթում»,- ասաց Միրզոյանը: Չնայած շրջանակային համաձայնագրի վավերացմանը՝ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ TRIPP-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացը լիարժեք ավարտելու համար պակասում է երկու կարևոր փաստաթուղթ․ բաժնետերերի միջև պայմանագիրըև TRIPP զարգացման ընկերության կանոնադրությունը: Նախարարի խոսքով՝ հայկական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է այս փաստաթղթերի մշակման ուղղությամբ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն խնդրեց պարզաբանել, թե ինչ կապ կա Tripp+-ի և TRIPP զարգացման հիմնադրամի միջև։

«TRIPP զարգացման ընկերությունը փաստաթուղթ է՝ համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև՝ TRIPP-ի վերաբերյալ։ Եվ այստեղ նախատեսված է, որ կստեղծվի TRIPP զարգացման ընկերություն։ TRIPP զարգացման ընկերության հիմնադիրները տեխնիկապես կլինեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը և «TRIPP զարգացման ընկերություն ԱՄՆ» կոչվող ընկերությունը, որը կհիմնադրվի Միացյալ Նահանգներում։ Սա պայմանավորված է Միացյալ Նահանգների իրավական կարգավորումներով, իրենց կառավարությանն օրենքով վերապահված լիազորություններով կամ սահմանափակումներով։

Եվ ահա «TRIPP զարգացման ընկերություն ԱՄՆ» կոչվող ընկերության մեջ և այս ծրագրի իրականացման համար ներդրումներ ներգրավելու նպատակով, ստեղծվում է ամերիկյան ընկերություն, որի անունը TRIPP+ է։ Իրավական առումով սա մեր այս TRIPP զարգացման ընկերության հետ, այսպես ասած, ինչպես ներկայացրեցի, միջնորդավորաված և անուղղակի կապ ունի»,- հստակեցրեց Արարատ Միրզոյանը։
 

facebook sharing button facebook