
Աշխատակիցների բանկային քարտերը պահել են իրենց մոտ, յուրացրել աշխատավարձերն ու կեղծ տեղեկագրեր կազմել. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության նախկին տնօրենի, ավագ անտառապետի և ևս մեկ աշխատակցի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Նախաքննությամբ բացահայտվել են պաշտոնեական դիրքի չարաշահմամբ խարդախության ու վստահված գույքի հափշտակության սխեմաներ։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Ներքին գործերի նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրենը, իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, կատարել է խարդախություն և վստահված գույքի հափշտակություն։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, 2023 և 2024 թվականների տարբեր ամիսների քաղաքացուն աշխատանքի ընդունելով, իր մոտ պահել է վերջինիս բանկային քարտը, այնուհետև ստացված աշխատավարձի մի մասը կանխիկ եղանակով տվել է նրան, իսկ մնացած մասը՝ հափշտակել:
Բացի այդ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, մեկ այլ քաղաքացու կողմից աշխատանքի չներկայանալու պայմաններում կեղծ տեղեկություն է ներկայացրել վերջինիս կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ, որի արդյունքում նշված աշխատակցին փոխանցված աշխատավարձի մեծ մասը պահել է իրեն:
Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև նույն մասնաճյուղի ավագ անտառապետի կողմից որպես սեզոնային բանվորներ ընդունած 7 քաղաքացիներից խարդախությամբ շուրջ 493.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ աշխատակցին՝ 445-րդ հոդվածի 1-ին մասով: Անտառտնտեսության ավագ անտառապետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան» ՀԿԿ
